211652_close_icon
views-count1799 դիտում article-date 20:39 25-05-2018

Նախագահական նստավայրում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը: Նիստի սկզբում, Վեհափառ Հայրապետի օրհնությունից հետո, Հանրապետության Նախագահը բոլորին շնորհավորել է Հայաստանի առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների առթիվ: Կարևորելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ որպես համազգային կառույցի նշանակությունը՝ Նախագահը ընդգծել է հիմնադրամի համախմբող առաքելությունը: Նրա խոսքով՝ հիմնադրամը ոչ միայն պետք է շարունակի միավորել Հայաստանի քաղաքացիներին, Արցախում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին, այլեւ պետք է լինի Սփյուռքը միավորող գործոն: Այն ծրագրերը, որոնք իրականացվել են հիմնադրամի միջոցներով կամ նրա աջակցությամբ, համահայկական ջանքերի արդյունք են: Հիմնադրամը պետք է շարունակի տարեցտարի կատարելագործել մեթոդները՝ ավելի մեծ արդյունք գրանցելու, ավելի հավակնոտ ծրագրեր գործարկելու համար, որոնք կհամապատասխանեն մեր իրական հնարավորություններին եւ աշխարհում Հայկական սփյուռքի համբավին: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ հիմնադրամի բոլոր ծրագրերը, իրենց տարբեր ուղղվածությամբ ու աշխարհագրությամբ հանդերձ, ներքուստ միավորող բովանդակություն ունեն: Իսկ վերջին՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհաշինական ծրագիրը միավորող է նաև բուն իմաստով: Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, նշելով, որ մեր առջև բացվում են նոր հորիզոններ, զարգացման նոր հնարավորություններ, որոնք պետք է առավելագույնս և լավագույնս օգտագործել:«Մենք պետք է գործնական քայլերով ու տեսանելի արդյունքներով ցույց տանք փոքր երկիր, բայց մեծ ազգ լինելու անհերքելի փաստը՝ իրապես սրտացավ ու հոգատար լինելով Հայաստանի և Արցախի հանրապետությունների, հայկական աշխարհի ու հայոց հայրենիքի հանդեպ»-ասել է Արմեն Սարգսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր