211652_close_icon
views-count1776 դիտում article-date 13:59 25-06-2022

Հանրապետության նախագահ, «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստը:

Նիստը մեկնարկել է Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնությունից հետո:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես գալով բացման խոսքով ասել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ,

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հոգեբարարձուների խորհրդի հարգարժան անդամներ,

Տեղական մարմինների ներկայացուցիչներ,

Տիկնայք և պարոնայք,

Այս տարի մեր հանդիպման առիթը կրկնակի տոնական է՝ լրանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 30-ամյակը, միևնույն ժամանակ, միշտ ուրախ ենք աշխարհի բոլոր մասերից ժամանած մեր հայրենակիցներին տեսնել այստեղ:

Ստեղծման օրվանից ի վեր հիմնադրամը դարձել է այն կարևոր համազգային գաղափարն ու առանցքը, որի շուրջ մենք համախմբվել ենք, քննարկել ազգային-պետական նշանակության հարցեր և փորձել ենք գտնել լուծումներ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իրավամբ համահայկական այն կառույցն է, որը գուցե թե չունի նմանօրինակը՝ ոչ իր բովանադակությամբ, ոչ էլ կազմակերպական ձևով, ու նաև այս պատճառով է, որ յուրաքանչյուրիս և մասնավորապես հոգաբարձուների խորհրդի անդամների ամենօրյա աշխատանքը պետք է միտված լինի հիմնադրամի հանրահռչակմանը, նրա վարկանիշն ու առաքելությունը անբասիր պահելուն:

Հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքին բացառում է որևէ քաղաքական միտում, նախընտրություն կամ ազդեցություն, ուստի հարկ չկա անգամ շեշտելու, որ հիմնադրամի խորհրդի անդամներն ու ամբողջ աշխատակազմը ջանք ու եռանդ պետք է չխնայեն, որպեսզի այն զերծ լինի որևէ քաղաքական շահարկումից կամ կասկածներից:

Նաև այս պատճառով բոլորս պետք է երաշխավորենք հիմնադրամի թափանցիկ, հաշվետու և հրապարակային աշխատելաոճը:

Այս նպատակի կյանքի կոչման համար ես նաև ակնկալում եմ, որ մինչև ընթացիկ ամսվա վերջ պատրաստ կլինեն Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները:

Լիահույս եմ, որ պալատի զեկույցը նպաստելու է վստահության մթնոլորտի կայացմանն ու լույս է սփռելու ընդհանուր իրավիճակի վրա:

Սիրելի հայրենակիցներ,

ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր նվիրատուներին, Հիմնադրամի ցանցին ու աշխատակազմին՝ անմնացորդ նվիրումի և իրականացրած անխոնջ աշխատանքի համար:

Մաղթում եմ բոլորիս կառուցողական քննարկումներ և արդյունավետ աշխատանք»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2021 թվականի գործունեության մասին զեկույցը ներկայացրել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր