911 դիտում
14:28 27-05-2015
Կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 24-րդ նիստը
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 24-րդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Մինչ նիստը սկսելը, խորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են կյանքից հեռացած հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո Սեֆերյանի հիշատակը (Արգենտինայից):
Նիստի օրակարգը հաստատելուց և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2014թ. կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը դիտելուց հետո, հոգաբարձուների խորհուրդն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը, որի շրջանակներում Արա Վարդանյանին՝ 2015 թվականի մայիսի 27-ից երեք տարի ժամկետով, հաստատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում:
Գործադիր տնօրենը ներկայացրել է հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը 2014թ. կատարած աշխատանքների մասին: Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը: Այն ներկայացրել են վերստուգիչ հանձնաժողովի անդամ Վահե Ճազմատարեանը և աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչ Էմիլ Վասիլյանը: Եզրակացությունը ներկայացնելուց հետո, Վ. Ճազմատարեանը, ով վերստուգիչ հանձնաժողովի անդամի պաշտոնում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում է 1991թ-ից ի վեր, պաշտոնից հրաժարական է ներկայացրել և իր փոխարեն առաջարկել իր խոսքով՝ ավելի երիտասարդ, եռանդով լի և բարձր մասնագիտական կարողություններ ունեցող Արա Ասլանի թեկնածությունը, որն ընդունվել է խորհրդի կողմից: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ճազմատարեանին՝ երկարատև և օգտակար գործունեության, մեծ նվիրումով ու սկզբունքայնությամբ իրականացրած աշխատանքի համար և խորհրդին տեղեկացրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով Վահե Ճազմատարեանին պարգևատրելու իր որոշման մասին: ՀՀ Նախագահը պետական բարձր պարգևը նիստի ժամանակ հանձնել է Վահե Ճազմատարեանին:
Հոգաբարձուների խորհուրդը ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ, բարերար Անդրանիկ Բաղդասարյանին, ով մինչ օրս հիմնադրամի ծրագրերին նվիրաբերել է շուրջ 900.000 ամերիկյան դոլար, շնորհել է Բարերար անդամի վկայական:
Օրակարգի շրջանակներում հաջորդ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2015»-ի նպատակաուղղվածության մասին հարցը զեկուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Ներկայացված հաշվետվության և հնչած առաջարկությունների վերաբերյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր նկատառումները:
«Ուզում եմ սկսել նրանից, որ ես շատ ուրախ և հպարտ եմ, որ մենք հաջողությամբ կարողացանք կյանքի կոչել 2013թ. մեր նիստում կայացրած որոշումը և հիմնադրամին պատկանող ու Կոմիտասի անվան պանթեոնում գտնվող կիսաքանդ շենքը կարողացանք «Փյունիկ» հիմնադրամի հետ համագործակցությամբ վերածել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի: Մենք այդ թանգարանը բացեցինք այս տարվա հունվար ամսին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին զուգահեռ և, կարծում եմ, որ բոլորդ առիթ ունեցել եք կա՛մ ներկա գտնվելու այդ արարողությանը, կա՛մ էլ հետագայում այցելելու թանգարան: Իսկ ով չի եղել, առաջարկում եմ՝ ձեր ժամանակից հատկացրեք մի փոքրիկ հատված, գնացեք և տեսեք, որ, իրոք, այդ թանգարան-ինստիտուտը կարող է պատիվ բերել ցանկացած երկրի: Իրոք, մենք ստացանք այդ վայրին և մեր մեծ մտավորականին վայել, նրա հիշատակին հարիր մի միջավայր, որը շատ մեծ օգուտ է բերելու թե՛ մեր երիտասարդությանը կրթելու, թե՛ զբոսաշրջիկներին մեր մշակույթը ներկայացնելու և թե՛ կոմիտասագիտությունը զարգացնելու առումով: Եվս մեկ անգամ պետք է բոլորս շնորհակալություն հայտնենք «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, մեր խորհրդի անդամ պարոն Գաբրիել Ջեմբերջիին (Ջամբարջյան), ում անշահախնդիր նվիրատվությամբ իրականացվեց այդ ծրագիրը: Պետք է նաև հավելեմ, որ այս տարվա ապրիլի 23-ին պանթեոնում՝ այդ թանգարանի հարևանությամբ, Վեհափառ Հայրապետը հողօրհնեք կատարեց, և այնտեղ մենք դարձյալ բարերարի՝ մոսկվաբնակ Սամվել Կարապետյանի միջոցներով, սկսում ենք Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցումը, որը մեր քաղաքի այդ հատվածը կամբողջականացնի և կդառնա շատ գեղեցիկ ու մեզ բոլորիս վայել մի լավ հատված:
Երկրորդ. պետք է շատ հակիրճ անդրադառնամ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Սկսեմ նրանից, որ բոլորիս հայտնի է, որ այդ միջոցառումների կառավարման համար մեր խորհրդի նախագահության համաձայնությամբ ձևավորվեց առանձին տնօրինություն, որն էլ դարձավ այդ միջոցառումների իրավական և ֆինանսական սպասարկման հիմնական օղակ: Միջոցառումները ֆինանսավորվել են և այսօր էլ շարունակվում են ֆինանսավորվել բացառապես մասնավոր նվիրատվությունների հաշվին: Մեր բազմաթիվ հայրենակիցներ, այս անգամ՝ հիմնականում Հայաստանում և Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր գործարարներն ու կառույցները հովանավորեցին ամբողջական, մեծ ծրագրեր` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովից մինչև Ծիծեռնակաբերդում ոգեկոչման արարողություն, «Սիսթեմ օֆ ը դաուն» խմբի համերգից մինչև «Վերածնունդ» համերգ-ակցիան, որին մասնակցեցին տասնյակ երկրներ ներկայացնող հարյուրից ավելի երաժիշտներ, և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Սրբադասման արարողությունը, որի հովանավորն էր Հայ բարեգործական ընդհանուր միությունը:
Գիտեք, որ օրեր առաջ հայկական տաղավարը դարձավ ժամանակակից արվեստի թերևս ամենահայտնի Վենետիկի բիենալեի հաղթողը: Այս օրերին ողջ աշխարհով մեկ շարունակվում են ցուցահանդեսներ, համերգաշարեր, գիտական կոնֆերանսներ, հրատարակվում են նոր գրքեր, բեմադրվում են ներկայացումներ: Այսօր էլ այդ ծրագրերը, բնական է, որ աջակցության կարիք ունեն, ուստի կարևորում եմ բոլորի ակտիվ մասնակցությունը դրանց ֆինանսավորմանը: Ու նաև շատ կարևորում եմ մեր ակտիվ հայրենակիցների մասնակցությունն այդ միջոցառումներին: Մի քանի օր հետո սկսվելու է Կաննի փառատոնը, որի գլխավոր հյուրը Հայաստանի Հանրապետությունն է, և որտեղ հիմնականում հնչելու են մեր կոմպոզիտորների ու առաջին հերթին՝ Կոմիտասի ստեղծագործությունները: Կարծում եմ՝ շատ-շատերն են որպես զբոսաշրջիկ գնում Կանն, և եթե համատեղեք այդ հանգիստը հիշյալ միջոցառմանը մասնակցելու հետ, ապա, կարծում եմ, միջոցառումը շատ ավելի արդյունավետ կլինի:
Հաջորդ նիստին 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինությունը մեզ կներկայացնի մանրամասն ֆինանսական և բովանդակային հաշվետվություն` ներկայացնելով նաև անհրաժեշտ աուդիտորական եզրակացությունը: Այս անգամ մենք ընտրել ենք հետևյալ ճանապարհը. առաջարկել ենք հովանավորներին ծրագրեր ու այդ ծրագրերի մոտավոր հաշվարկ և նաև առաջարկել ենք, որպեսզի իրենք անձամբ իրականացնեն տվյալ միջոցառումները, անձամբ կատարեն ֆինանսական պարտավորությունները՝ իրենց վստահելի անձանց միջոցով: Բայց պետք է ասեմ, որ գրեթե այդպիսի դեպքի չենք հանդիպել, և բոլորը հաճույքով մանրամասն ծանոթանալով ծրագրի բովանդակությանը, առաջարկել են, որպեսզի այդ միջոցներն օգտագործվեն տնօրինության կողմից, այնուհետև նրանց ներկայացվի հաշվետվություն, ինչը մենք հաճույքով կանենք:
Այս տարվա սեպտեմբերին Անկախության տոնի շաբաթը լեցուն է լինելու իրադարձություններով: Այն կավարտվի սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Մյուռոնի օրհնության արարողությամբ: Նույն օրերին կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը: Այդ իսկ օրերին մենք անպայման անդրադարձ կկատարենք մեր այն բարերարներին, հանձնաժողովի անդամներին, տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներին, ովքեր ջանք չեն խնայել 100-րդ տարելիցը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու համար: Ինչո՞ւ եմ ես սա շեշտում, որովհետև մենք որոշակի խրախուսական միջոցառումներ իրականացնելու ենք նաև Մայիսի 28-ին: Ուղղակի, ուզում ենք ամբողջը ի մի բերել, որպեսզի կարողանանք տարբերակված և օբյեկտիվ մոտեցում ցուցաբերել: Դրա համար մեզ որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Տեղեկատվության կարգով ասեմ, որ մենք տարվա վերջին նաև անդրադառնալու ենք բոլոր այն պաշտոնատար անձանց, ովքեր մասնակցել են այդ միջոցառումներին և նրանց էլ ենք գնահատական տալու և խրախուսական միջոցառումներ ենք իրականացնելու: Սա պայմանավորված է նաև նրանով, որ ամբողջ տարվա ընթացքում ենք միջոցառումներ ունենալու և չենք համարում, որ 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներն ավարտվում են. դեռևս շատ մեծ միջոցառումներ ունենք: Գոնե արդեն անցկացված միջոցառումները վկայեցին, որ մեր համախմբվածությունը, միասնական գործելը կարող է շատ-շատերի կամ գրեթե բոլորի համար անսպասելի արդյունք տալ, կարող է լուծել խնդիրներ, որոնք կենսական նշանակություն ունեն մեր ժողովրդի համար:
Ես կարծում եմ, որ բոլորս միասին առիթ ենք ունենալու ամբողջովին վերլուծելու 100-րդ տարելիցի կապակցությամբ կատարված աշխատանքը և ոչ միայն նրա համար, որպեսզի ցույց տանք, թե մարդիկ որքան ակտիվ մասնակցեցին, այլ որպեսզի նաև հետևություններ անենք և հաջորդ տարիներին այդ միջոցառումներն ավելի արդյունավետ դարձնենք: 100-րդ տարելիցով ոչինչ չի ավարտվում: Մինչև մենք չհասնենք համընդհանուր ճանաչման՝ այս ուղղությամբ անդադար աշխատելու ենք»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
1248 դիտում
14:43 27-05-2016
Կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը
Այս բաժնից
823 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
928 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
667 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին