Ռուբեն Սինոյանի հայտարարությունը՝ սկանդալային պատմության վերաբերյալ
ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.
«Ի պատասխան «Շիրակ» ՖԱ-ի երեկ արված հայտարարությանը, որ «ՀՖՖ [url=http://www.ffa.am/uploaded/2017/Ardzanagrutyun%2017-18-28%20-%2005.05.18.pdf]որոշումն[/url] ապօրինի է և որ ՀՖՖ-ն որևէ փաստ չունի, որ «Շիրակը» ներգրավված է եղել նման առաջարկներ կայացնելու որևէ գործընթացում», ցանկանում եմ նշել հետևյալը.
Տեղի ունեցածն աննախադեպ է հայկական ֆուտբոլի համար, կարող է ունենալ կործանարար հետևանքներ և այդ պատճառով շատ լավ գիտակցում ենք թե հարցի կարևորությունը և թե մեր որոշման առավել քան համոզված, հիմնավոր և ապացուցված լինելու հանգամանքը:
Կարգապահական կոմիտեի վերոհիշյալ նիստը տևել է մոտ 6 ժամ, կոմիտեի անդամները հնարավորություն են ունեցել մանրամասն ու բազմակողմանիորեն քննարկել «Բանանց» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբների գրությունները, «Բանանց» ակումբի ներկայիս և «Շիրակ» ակումբի նախկին ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի դիմումը, ինչպես նաև գործին կցված բազմաթիվ ապացույցները /այդ թվում տեսա և ձայնագրություններ, հաղորդակցության սղագրություններ և այլն/:
Թեև Արարատ Հարությունյանը հրաժարվել է մասնակցել նիստին, սակայն հեռախոսային կապի միջոցով պատասխանել է կոմիտեի անդամներին հետաքրքրող հարցերին:
Արդյունքում՝ կոմիտեի ոչ մի անդամի մոտ կասկած անգամ չի մնացել, որ կայացել է պայմանավորված խաղի կազմակերպում. «Շիրակ» ՖԱ-ի ներկայացուցիչը (պաշտոնապես Արարատ Հարությունյանը համարվում է «Շիրակ» ՖԱ-ի գլխավոր թիմի մարզիչ, սակայն իրականում ֆուտբոլային աշխարհում բոլորը նրան գիտեն որպես «Շիրակ» ՖԱ-ի մարզական տնօրեն) մայիսի 5-ին կայանալիք «Բանանց» - «Շիրակ» խաղի արդյունքի վրա ազդելու նպատակով հանդիպել է «Բանանցի» ֆուտբոլիստին, տվել կանխավճար «Շիրակի» օգտին սխալվելու և օգնելու վերջինիս խաղը հաղթելու համար և խոստացել վերջնավճարը վճարել արդեն փաստացի «գործն» ավարտին հասցնելուց հետո:
ՀՖՖ կարգապահական կոմիտեն մայիսի 5-ին կայացած նիստում առաջնորդվել է բացառապես կանոնակարգով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, կայացրել է ՀՖՖ, ՖԻՖԱ և ՈւԵՖԱ կանոնադրությունների և կանոնակարգերի պահանջների տառին և ոգուն համապատասխան որոշում:
Հորդորում և կոչ եմ անում «Շիրակ» ակումբին՝ շանտաժի և ուլտիմատումի լեզվով խոսելու փոխարեն հանդես գալ իրական եւ իրավական գնահատականներով և հարցը լուծել բացառապես օրենքի շրջանակներում:
Փարատելու համար բոլոր շահագրգիռ կողմերի մտահոգությունները և անհանգստությունները որոշման «օրինականության կամ ապօրինության» մասին, ինչպես «Շիրակ» ակումբը փորձ է արել ներկայացնել իր հայտարարությունում, նշեմ, որ համաձայն ՀՖՖ կանոնադրության, որպես վերջնական բողոքարկման ատյան՝ հարցը կարող է քննարկվել Լոզանի սպորտային գործերով միջազգային արբիտրաժային դատարանում (CAS)», նշված է Ռ. Սինոյանի հայտարարության մեջ:
Նշենք, որ ՀՖՖ կարգապահական կոմիտեն երեկ որոշում է կայացրել, համաձայն որի Արարատ Հարությունյանին ցմահ արգելվել է զբաղվել որևէ ֆուտբոլային գործունեությամբ, իսկ «Շիրակ» ակումբը տուգանվել է նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով և ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում թիմի արդյունքները նվազեցվել են 12 միավորով:


