211652_close_icon
views-count4704 դիտում article-date 21:25 03-05-2018

Հայաստանի Ժուռնալիստների միությունը գործընկերներին շնորհավորում է Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ

Վերջին օրերին Հայաստանում ծավալվող հասարակական-քաղաքական բուռն իրադարձությունների, խաղաղ քաղաքացիական անհնազանդության բողոքի լայնածավալ գործողությունների ընթացքում չափազանց մեծ դերակատարում ունեցան լրատվամիջոցները, լրագրողները, որոնք, չնայած բազմաթիվ խոչընդոտներին, հավատարիմ իրենց մասնագիտական սկզբունքներին՝ կարողացան այդ բարդ պայմաններում լավագույն կերպով ապահովել իրադարձությունների անկողմնակալ, հրատապ լուսաբանումը: Ցանկացած լրագրողի համար երջանկություն է գտնվել նման իրադարձությունների կենտրոնում և լուսաբանել դրանք։ Մեր բոլոր լրատվամիջոցների ու լրագրողների դերն անուրանալի է՝ գործընթացների խաղաղ ընթացքին նպաստելու առումով։ Հատկապես նման իրավիճակներում չափազանց կարևորվում է լրագրողի դերը, նրա պրոֆեսիոնալ գործունեությունը: Իր հերթին՝ սա նպաստում է հանրային ընկալումներում լրագրողի հեղինակության, ինչպես նաև պրոֆեսիոնալ պատասխանատվության բարձրացմանը: Մամուլի համար ևս ստեղծված իրավիճակը և ավելի ժողովրդավարական պետություն ունենալու հեռանկարը բացառիկ հնարավորություն է։ Հույս ենք հայտնում, որ մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններն առավելագույնս կնպաստեն՝ ինչպես ազատ, ժողովրդավարական և իրավական պետություն կառուցելու, այնպես էլ՝ մամուլի համար հավասար պայմաններ, ազատ արտահայտման լիարժեք ու անվերապահ հնարավորություններ ու դրանք ապահովող համապատասխան օրենսդրական, ինստիտուցիոնալ կառուցակարգեր ստեղծելու համար։ ԶԼՄ-ների՝ ազատության, անկախության, տեղեկատվության իրավունքի իրացումը ժողովրդավարության կայացման կարևոր գրավական է: Զանգվածային բողոքի այս օրերին ԶԼՄ բազմաթիվ ներկայացուցիչներ ենթարկվել են ծեծի, բռության, խոչընդոտվել է նրանց մասնագիտական գործունեությունը: Հայաստանի Ժուռնալիստների միությունն իրավապահ մարմիններից ևս մեկ անգամ պահանջում է հետևողական լինել, բացահայտել լրագրողների նկատմամբ կիրառված բռնության և լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերը՝ պատասխանատվության ենթարկելով այդ ոտնձգություններն իրականացնողներին։ [b]Հայաստանի Ժուռնալիստների միություն [/b]

Նմանատիպ նյութեր