211652_close_icon
views-count2650 դիտում article-date 15:13 17-04-2018

Ինչպե՞ս բարելավել կրթական ծրագրերը և կրթված մասնագետներ թողարկել. քննարկում են կրթության ոլորտի պատասխանատուները

«Որակի ապահովման 4-րդ ֆորումը հասավ իր նպատակին: Կարծում եմ, որ ֆորումի մասնակիցներն իրենց ուսումնական հաստատություն կգնան՝ իրենց հետ տանելով երկօրյա բուռն քննարկումների արդյունքները, բարձրացված հարցերն իրենց ուշադրության կենտրոնում կպահեն, կփորձեն լուծումներ փնտրել»,- ասում է Մասնագիտական կրթության որակի ապահովմանա զգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը՝ ամփոփելով ապրիլի 16-17-ին «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի ունեցած «Կրթություն և մասնագետ. մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագրով ֆորումը: Պարոն Թոփչյանը նշում է, որ ինստիտուցիոնալ հավատարմագրումների առաջին շրջափուլի շնորհիվ բուհերը փոփոխել են իրենց ռազմավարությունները, կրթական գործընթացները կանոնակարգող ներքին փաստաթղթերը: Գործընթացի արդյունքում բարձրագույն ուսումնական հաստատություններում ադմինիստրատիվ մակարդակում որակն ապահովված է, ժամանակն է աշխատելու մասնագիտության կրթական ծրագերրի որակի ապահովման համակարգի ներդրման ուղղությամբ: «Մեծ հաշվով դասախոսը, որը կրթական գործընթացի հիմնական դերակատարն է, պետք է իր արած գործի արդյունավետությունը գնահատի և ապահովի մեխանիզմներ ժամանակին համընթաց ընթանալու, աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագետներ պատրաստելու համար»,- ասում է պարոն Թոփչյանը՝ հավելելով որ ֆորումն ուղերձ է դասախոսներին, որ փնտրեն նորարարական մոտեցումներ, որոնցով կապահովեն ուսուցանող գնահատում, որպեսզի ուսանողը կիսամյակի ընթացքում ոչ թե մեկ անգամ քննություն հանձնի և այդքանով ավարտվի սովորելու գործընթացը, այլ շարունակաբար սովորի: «Հրավիրել ենք հեղինակավոր փորձագետների Նիդեռլանդներից և Մեծ Բրիտանիայից, որոնք այս երկու օրերի ընթացքում ներկայացրեցին իրենց երկրի լավագույն փորձը»,- ասում է պարոն Թոփչյանը: Երկօրյա ֆորումի ընթացքում Նիդեռլանդների Տվենտեի համալսարանի Բարձրագույն կրթության քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Դոնալդ Վեսթերհեյդենը ներկայացրեց բուհերի ռազմավարության և պետության կարիքների համապատասխանեցման եվրոպական փորձը: Հոլանդացի մասնագետը Հայաստանյան կրթության ոլորտի ներկայացուցիչներին պատմեց նաև նախաբակալավրական կրթության ոլորտում Նիդեռլանդների անցած ճանապարհի, քաղած դասերի և լավագույն փորձի մասին: Նա նշեց, որ կարճ շրջափուլով կրթություն իրականացնելիս սկզբում անհաջողության են մատնվել, սակայն որոշակի փոփոխություններից հետո բարեփոխումն հաջողել է: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարծում է, որ նախաբակալավրական կրթությունը կարևոր է այն մարդկանց համար, ովքեր ուզում են մասնագիտություն փոխել: «Ներկայում մարդիկ, որոնք ուզում են մասնագիտություն փոխել, մագիստրատուրա են դիմում: Սակայն մագիստրատուրան բոլորովին այլ նշանակություն ունի: Նախաբակալավրական կրթությունը հնարավորություն կտա համապատասխան մասնագիտական հմտություններ ձեռք բերել կարճ ժամանակում և վերաորակավորվել»,- ասում է նա: Նշենք, որ նախաբակալավրական մասնագիտական կրթությունը, որը ներառված է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում, նորույթ է հայաստանյան կրթական համակարգի համար։ Մեծ Բրիտանիայի Բորնմութի համալսարանի դոցենտ, կրթության կառավարմանը նվիրված ութ գրքերի և բազմաթիվ հոդվածների հեղինակ Ջենիֆեր Անն Մունը պատմեց, թե ինչպես են իր երկրում ուսումնական հաստատությունները փոխկապակցում կրթության տարբեր մակարդակները, կրթական ծրագրերի վերջնարդյունքն ու ընթացիկ գնահատումը և այլն: Ներկայացվեց նաև ՈԱԱԿ-ի մշակած և փորձարկած բուհ-գործատու համագործակցության մոդելը, առկա արդյունքները, որի կիրառումը կնպաստի աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագետների թողարկմանը: Ֆորումի մասնակիցները հարցեր հղեցին զեկուցողներին՝ հստակեցնելու, թե ինչպես կարող են մոդելը տեղայնացնել և կիրառել իրենց ուսումնական հաստատություններում: Ֆորումի մասնակիցները քննարկեցին «Միայն կրթված մարդ, թե նաև մասնագետ» հարցը: Մեծամասնության կարծիքով` մասնագիտական ուսումնական հաստատությունները պետք է պատրաստեն մասնագետներ, իհարկե, չանտեսելով ընդհանուր կրթությունը: Կրթված մարդ ունենալու գործում շեշտադրվեց դպրոցի դերը: Երկօրյա միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ինստիտուցիոնալ հավատարմագրման երկրորդ շրջափուլում սպասվող փոփոխություններին, որակի ապահովման շրջանակներում գիտակցված բարեփոխումների անհրաժեշտությանը: Ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, կարևորելով ՈԱԱԿ նախաձեռնած մասնագիտական քննարկումները, առաջարկեցին տարվա մեջ մեկից ավել անգամ որակի ապահովման շահակիցների համաժողովներ կազմակերպել:

Նմանատիպ նյութեր