Լիբանանի տուրիզմի նախարարը մասնակցել է հայկական ավիաընկերության մեկամյակի միջոցառմանը
Լիբանանի տուրիզմի նախարար Ավետիս Կիտանյանի և Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հովանավորությամբ ապրիլի 7-ին տեղի ունեցավ «Էյր Արմենիա» ավիաընկերության կողմից Երևան-Բեյրութ-Երևան կանոնավոր չվերթների իրականացման մեկամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդնավակայանի տնօրենը, Լիբանանի քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչներ, լիբանանահայ քաղաքական, մշակութային գործիչներ և բազմաթիվ հյուրեր։
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Իրենց ելույթներում նախարար Կիտանյանը և դեսպան Մկրտչյանը, հատուկ ընդգծելով չվերթի պահանջված լինելու հանգամանքը, կարևորեցին դրա շարունակականության ապահովումը, մասնավորապես երկու երկրների միջև զբոսաշրջության ծավալների ընդլայնման համատեքստում:
Դեսպան Մկրտչյանը նշեց, որ ավիաընկերության անվանումը խորհրդանշական է. Հայաստանի անունը կրող ընկերությունը մատնանշում է Հայաստանի տեղը աշխարհի քարտեզի վրա և հրավիրում զբոսաշրջիկներին՝ այցելելու Հայաստան:
Միջոցառումն եզրափակվեց Հայաստանից Բեյրութ ժամանած «Մուշ» պարային համույթի կատարումներով: