167109 դիտում
10:16 06-04-2018
Ողբերգական ավտովթար Երևանում. 26-ամյա վարորդը Scania բեռնատարով բախվել է բետոնե պարսպին, այնուհետև տապալել էլեկտրասյունն ու կողաշրջվել. փրկարարներն ու բժիշկները մի քանի ժամ տանջվելուց հետո դուրս են բերել վիրավորին ու մահացածին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։20-ի սահմաններում Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Գրիգոր Խաչատրյանը իր վարած Scania մակնիշի 344 OF 61 համարանիշի աղբատար ավտոմեքենայով Դավիթ Բեկ և Սարի Թաղ 21 փողոցների խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի մայթի բետոնե հատվածին, այնուհետև տապալել էլեկտրասյունը և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ, սակայն փաստացի Երևան քաղաքի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ, 25-ամյա Հովհաննես Առաքելյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևոր, 20-ամյա Օնիկ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև՝ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Փրկարարները վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել մեծ դժվարությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկաներ ու, մինչ փրկարարները տիտանական աշխատանքի արդյունքում վիրավորին դուրս էին բերում, բժիշկները, հավատարիմ Հիպոկրատի իրենց տված երդմանը, ամեն վայրկյան առաջին անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին։
Գրեթե 2.5 ժամ պահանջվեց փրկարարներից, մինչև կարողացան վիրավորին դուրս բերել ավտոմեքենայից, որից հետո անհրաժեշտություն առաջացավ՝ դեպքի վայր բերվեն վերամբարձ կռունկներ, որպեսզի մեքենան դարձի բերվի, որ փրկարարները կարողանան երիտասարդի դին դուրս բերեն։
Վերամբարձ կռունկները դեպքի վայր բերեցին «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները և միայն մեքենան դարձի բերելուց հետո փրկարարները դարձյալ օգտագործելով հատուկ տեխնիկաներ՝ 1.5 ժամից ավելի աշխատանքեր կատարեցին, որից հետո դին դուրս բերվեց մեքենայից։ Օպերատիվ է գործել նաև դի տեղափոխող բրիգադը։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ։
Փաստ առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդին Երևանի ՃՈ պետ Ա. Հակոբյանն ու քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը ՃՈ ավտոմեքենայով տեղափոխել են բժշկական կենտրոն՝ սթափությունը պարզելու։
Բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ վարորդը եղել է սթափ (ոչ խմած) վիճակում։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով դեպքի վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները։
Ժամանել էին նաև «Հայաստանի էլեկտրոցանցեր ընկերության ներկայացուցիչները, ովքեր հոսանքազրկեցին տարածքը, քանի որ էլեկտրասյան տապալման հետևանքով վտանգ կար, որ էլեկտրալարերը կխոչընդոտեն փրկարարների ու բժիշկների աշխատանքին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Խաչատրյանն աշխատում է «Սանիթեք» ընկերությունում՝ որպես վարորդ, իսկ մահացածն ու վիրավորը՝ նույն ընկերությունում՝ որպես բանվորներ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 171+
171+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)