4999 դիտում
20:32 29-03-2018
Վանաձորում կառուցվում է կարկտապաշտպան ցանցերի գործարան. Գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Նախարարին ուղեկցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձինք:
Այցի սկզբում նախարարը եղել է «Երևանի սննդի կոմբինատ» ՍՊԸ-ի մասնաճյուղում, շրջել գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին և զարգացման ծրագրերին:
Այնուհետև նախարարն ուղևորվել է Լոռու մարզպետարան, որտեղ անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են համայնքների ղեկավարներ, անասնաբուժական ծառայության ներկայացուցիչներ և այլ պատասխանատուներ:
«Ֆերմերը կվճարի միայն սերմնանյութի համար, իսկ ծառայության մատուցման գումարը կփոխանցի պետությունը, արդյունքում ծնված կենդանին կաթնատվության տարիքում կտա 500 կգ ավել կաթ և 50 կգ ավել միս, ինչն ակնհայտ շահավետ առաջարկ է»,- հավելել է Իգնատի Առաքելյանը: Նախարարի խոսքով` կենդանու խնամքը, անասնապահությունը գյուղացու համար շատ ծանր աշխատանք է, իսկ այս ծրագիրը հնարավորություն կտա էականորեն ավելացնել կաթնատվությունն ու մսատվությունը, և ավելի քիչ գլխաքանակով ավելի շատ եկամուտ ստանալ:
Խորհրդակցությունից հետո նախարար Առաքելյանը Վանաձորի քաղաքապետարանում մասնակցել է «CARMAC Group» իտալական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը «Վաբա» ՍՊԸ-ի հետ համատեղ շուտով Հայաստանում կհիմնի կարկտապաշտպան ցանցերի գործարան: Հանդիպմանը ներկա էր նաև Լոռու մարզից ընտրված ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Այնուհետև նախարարն այցելել է շինհրապարակ, որտեղ ընթանում են գործարանի կառուցման աշխատանքները: «Վաբա» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արմեն Ղարաչյանը նշել է, որ կարկտապաշտպան ցանցերի արտադրությունն ընթանալու է փուլային տարբերակով, բոլոր սարքավորումները և հումքի մի մասը ներկրվելու է Իտալիայից: Արմեն Ղարաչյանի կարծիքով` իրենց արտադրանքը մրցունակ կլինի և տեղական շուկայում կունենա պահանջարկ, քանի որ հիմնական հարակից դետալները պատրաստվելու են տեղում և ցանցերի գինը համեմատաբար մատչելի է լինելու, ցանցերի օգտագործման ժամկետը կկազմի առնվազն 10-15 տարի:
«CARMAC Group» ընկերության գործադիր տնօրեն Անդրեա Կարապետյանը վստահություն է հայտնել, որ այս նախագծի իրականացումը կնպաստի մարզի գյուղացիական տնտեսությունների սոցիալական պայմանների բարելավմանը, քանի որ թույլ կտա պաշտպանել իրենց բերքը բնական աղետներից: Նրա խոսքով` բացի տեղական շուկայում իրացումից, ընկերությունը հետագայում քայլեր կձեռնարկի արտահանման ուղղությամբ:
«Ի սկզբանե մեր նպատակն էր մատչելի գնով կարկտապաշտպան ցանցեր առաջարկել մեր ֆերմերներին: Ծրագրի մասին հայտարարել ենք, եկել է ներդրողը և շատ մեծ հավանականությամբ մինչև տարեվերջ կունենանք կարկտապաշտպան ցանցերի հայկական արտադրանք»,-նշել է նախարար Առաքելյանը:
Նախարարի խոսքով` նախատեսվում է երեք տեսակի ցանց արտադրել` խաղողի այգիների, ինտեսիվ, ինչպես նաև ավանդական այգիների համար, որոնց դեպքում այն ավելի մատչելի կլինի, քանի որ երկաթբետոնյա սյուներ չեն կիրառվում:
Անդրադառնալով կարկտապաշտպան ցանցերի գործարանի կառուցմանը` մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդգծել է, որ եզակի հնարավորություն է ստեղծվում այգեգործների համար արդյունավետ պաշտպանել իրենց այգիները:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4555 դիտում
23:40 14-09-2018
Վանաձորում շահագործման է հանձնվել կարկտապաշտպան ցանցերի արտադրամաս
6983 դիտում
11:32 31-03-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ
5473 դիտում
11:48 21-05-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարը աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ
Այս բաժնից
1309 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
886 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար