6983 դիտում
11:32 31-03-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն նախօրեին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածոտնի մարզի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, մարզի պատգամավորները, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, համայնքապետեր և ֆերմերներ:
«Արագածոտնի մարզում գյուղատնտեսության ոլորտը վերջին շրջանում զգալի առաջընթաց է ունեցել: Մարզի մասնաբաժինն անցած տարվա գյուղատնտեսական արտադրանքի համախառն արդյունքի մեջ կազմել է մոտավորապես 10 տոկոս, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Ընդ որում, հաջողություններ են գրանցվել ոլորտի բոլոր ճյուղերում, հատկապես հացահատիկային մշակաբույսերի արտադրության, պտղաբուծության և խաղողագործության, ինչպես նաև անասնապահության բնագավառում», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարի խոսքով` 2015 թվականին նախորդ տարվա նկատմամբ մարզում 2711 հեկտարով ավելացել են մշակովի հողատեսքերը, հավելյալ 1143 հեկտար աշնանացան է կատարվել, բարձրացել է բերքատվությունը, որն այժմ կազմում է 32,6 ց/հա:
Անդրադառնալով «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում Արագածոտնում կատարված աշխատանքներին` նախարարը տեղեկացրել է, որ ՀԳՌԿՄ 1-ին ծրագրում ընդգրկված 12 համայնքներում ստեղծվել են կոոպերատիվներ, անցկացվել է 45 կմ ջրագիծ, տեղադրվել է 38 խմոց, տրամադրվել է 127 միավոր գյուղտեխնիկա, որից 24-ը` տրակտոր։
Ընդգծելով կոոպերատիվների դերն ու նշանակությունը` նախարարը տեղեկացրել է, որ 2015 թվականի վերջին ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքը, որով իրավական հիմքեր են ստեղծվել երկրում կոոպերացիայի զարգացման համար:
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը խթանելու նպատակով պետական օժանդակության ծրագրերն իրականացնելիս այսուհետ նախապատվությունը տրվելու է կոոպերատիվներին: Մասնավորապես, «ՀԳՌԿՄ 2» ծրագրի միջոցներով ընդամենը 20 տոկոս համաֆինանսավորմամբ կոոպերատիվներին տրամադրվում է անհրաժեշտ գյուղտեխնիկա, ստեղծվելու են փոքր վերամշակվող արտադրամասեր, ինչը թույլ կտա կոոպերատիվների անդամներին շոշափելիորեն ավելացել իրենց եկամուտները:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն իր հերթին նշել է, որ 2015 թվականին ոռոգման ոլորտում առաջացել են մի շարք խնդիրներ, որոնք հաջողվել է հաղթահարել: Նա նաև հույս է հայտնել, որ ինչպես նախորդ տարի այս տարի նույնպես կհաջողվի մարզում ապահովել ջրամատակարարման համար անհրաժեշտ ջրի պաշարները: Տեղեկացնելով, որ մարզում գործում են 6 ջրօգտագործողների ընկերություններ` կոմիտեի նախագահը շեշտել է, որ ՋՕԸ-երի ղեկավարները մշտապես մեծ պատասխանատվությամբ են վերաբերվել իրենց գործառույթներին:
Խորհրդակցության ավարտին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով են պարգևատրվել Վաղինակ Իսրայելյանը և Հունան Սարգսյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների և ագրովերամշակման ոլորտի ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի:
Այնուհետև նախարարն ուղևորվել է Նոր Ամանոս համայնք` ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի շրջանակում նոր ստեղծված սպառողական կոոպերատիվի գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով: Նախարարը նշել է, որ ներկայումս պետությունը միջոցներ է ձեռնարկում գյուղատնտեսների միավորման և գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը խթանելու ուղղությամբ: Նախարարը նաև հավելել է, որ կոոպերատիվների ձևավորման գործում որպես հիմք ընդունվում է եվրոպական երկրների, մասնավորապես Ֆրանսիայի հարուստ փորձը:
Նոր Ամանոս համայնքի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ կոոպերատիվի հիմնումը համայնքի գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կառավարման առավել նպատակահարմար ճանապարհն էր: Կոոպերատիվն այժմ ունի 67 անդամ, շուտով կհամալրվի նաև նոր անդամներով: Համայնքն անասնապահական ուղղվածություն ունի, և ՀԳՌԿՄ ծրագիրը, համայնքապետի հավաստմամբ, զգալի դրական ազդեցություն կարող է ունենալ մի շարք խնդիրների լուծման համար: Վահրամ Բաղդասարյանը նաև հավելել է, որ գյուղի բնակիչներին հուզող հիմնական հարցն այս պահին ոռոգման խնդիրն է, որը նախարարի միջամտությամբ դրական լուծում կստանա:
Նախարարի վերջին կանգառը Վերին Սասնաշեն համայնքում էր: Տեղի կոոպերատիվն այստեղ ստեղծվել է դեռևս 2014 թվականի ապրիլին, և արդեն դրական արդյունքները նկատելի են: Երկու տարվա գործունեության ընթացքում ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակում կոոպերատիվին տրամադրվել է 5 միավոր գյուղտեխնիկա, ջրարբիացվել են ավելի քան 5 կմ արոտներ, ավելացել է անասնագլխաքանակը և կաթնատվությունը: Կոոպերատիվի անդամները նախարարի հետ հանդիպման ընթացքում գոհունակություն հայտնեցին կոոպերատիվի գործունեությունից, բարձրացրեցին նաև ընթացիկ խնդիրներ` մատնանշելով մասնավորապես ոռոգման, ինչպես նաև կաթի և մսի իրացման հարցերը:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
5473 դիտում
11:48 21-05-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարը աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ
Այս բաժնից
1192 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն
835 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան
952 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին