211652_close_icon
views-count4558 դիտում article-date 23:40 14-09-2018

Վանաձորում շահագործման է հանձնվել կարկտապաշտպան ցանցերի արտադրամաս

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր շահագործման է հանձնվել տարածաշրջանի դեռևս միակ կարկտապաշտպան ցանցերի արտադրամասը։ Պաշտոնական արարողությանը մասնակցել են նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։ Արտադրամասը կառուցել է «ՎԱԲԱ» ընկերությունը իտալական CARMAC S.R.L.-ի հետ համատեղ գյուղատնտեսական նշանակության կարկտապաշտպան ցանցերի և դրանց ներդրման ողջ համակարգի արտադրության ներդրումային ծրագրի շրջանակում։ Սա նորարարական արտադրություն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Եվրոպական բարձր չափանիշներին համապատասխանող արտադրամասը կառուցվել է բացառապես իտալական սարքավորումներով: Ողջունելով նախաձեռնությունը՝ Արտակ Քամալյանը նշել է, որ նախարարությունը խրախուսում է նորագույն տեխնոլոգիաների ներդրումը գյուղատնտեսության մեջ, և այս առումով` տեղում կարկտապաշտպան ցանցերի արտադրությունը հնարավորություն կտա խթանելու դրանց կիրառումը՝ ապահովելով բերքի երաշխավորված պաշտպանություն բնական աղետներից։ Նա նաև ընդգծել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում խաղողի և պտղատու այգիների կարկտապաշտպան ցանցերի ձեռք բերման համար տնտեսվարողներին, պետական սուբսիդավորման արդյունքում, տրամադրվում են 2% տոկոսադրույքով, 7 տարի մարման ժամկետով վարկեր։ Արտակ Քամալյանն ընդգծել է նաեւ, որ Հայաստանում նոր ժամանակակից գործարանի բացումը ենթադրում է նոր աշխատատեղներ, իսկ դա երկրի տնտեսական աճի ցուցանիշներից է։ Կարկտապաշտպան ցանցերը որակյալ բերքի ստացման կայուն երաշխիք են և գրեթե 100%-ով պաշտպանում են այգիները կարկտահարության բացասական ազդեցություններից, ինչպես նաև քամիներից, թռչունների և խոշոր միջատների վնասներից ծաղկման շրջանում: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր