211652_close_icon
views-count2495 դիտում article-date 18:39 28-03-2018

ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնն այսուհետև կկրի անվանի բժիշկ-գիտնական Հովհաննես Սարուխանյանի անունը

ԵՊԲՀ գիտական խորհրդի կողմից այսօր հրավիրված նիստը մեկնարկեց անվանի վիրաբույժ, ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ Հովհաննես Սարուխանյանի պարգևատրման արարողությամբ։ Ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ պրոֆեսորը պարգևատրվեց ԵՊԲՀ հուշանվերով։ Հովհաննես Սարուխանյանը բժշկական մեծ գերդաստանի երկրորդ սերնդի ներկայացուցիչն է: Կոչումով բժիշկն իր անգնահատելի ավանդն ունի մեր երկրում վիրաբուժության զարգացման, մասնագետների պատրաստման, բուժման նոր մեթոդների ներդրման գործում: Անվանի վիրաբույժի և գիտնականի անուն-ազգանունը երախտագիտությամբ են հիշում սաները, ուսանողները, բոլոր նրանք, ովքեր կարողացել են ջանասիրությամբ յուրացնել ստացած գիտելիքները, դառնալ պիտանի մասնագետներ: «Հարգել այն կոլեկտիվները, որտեղ աշխատում եք»,- սա 80-ամյա բժշկի՝ երիտասարդներին ուղղված ամենակարևոր հորդորն է։ Բժշկի ջանքերի շնորհիվ շատերն իրենց երկրորդ կյանքն են ապրում: Հմուտ վիրաբույժը գտնում է, որ բժշկի մասնագիտությունն ընտրած յուրաքանչյուր մարդ պետք է խորությամբ ուսումնասիրի բժշկագիտությունը, ինչին էլ ինքը նվիրել է կյանքի գերակշիռ մասը: Նա 80 տարեկանում էլ իր օգտակար խորհուրդներով մշտապես կրտսեր գործընկերների կողքին է։ «Ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել Հովհաննես Սարուխանյանի հետ նույն բեմում։ Նա ականավոր բժիշկ է, նվիրյալ, փառահեղ վիրաբույժ, մեր համալսարանի հպարտությունը»,- ընդգծեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ շնորհավորելով բժշկագիտության անվանի ներկայացուցչին հոբելյանի առթիվ։ Ուսուցչի անցած բեղուն մասնագիտական ճանապարհի մասին խոսեցին աշակերտները, ովքեր վաղուց արդեն կայացած վիրաբույժներ են։ Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայի ղեկավար Մուշեղ Միրիջանյանը նշեց, որ և´ դժվար է, և´ պատվաբեր խոսել ուսուցչի, ավագ գործընկերոջ,գիտնականի,մանկավարժի, եզակի վիրաբույժի մասին։ Նա ներկայացրեց Հովհաննես Սարուխանյանի կենսագրության մանրամասները։ Անդրադարձավ այն աշխատանքներին,որոնք կատարել է բժիշկ-գիտնականը տարբեր տարիների ընթացքում։ «Սիրելի ուսուցիչ, երջանիկ ենք, որ Ձեզ նման մարդու, գիտնականի հետ մի ամբողջ կյանք են անցկացրել»,- շեշտեց պրոֆեսոր Միրիջանյանը՝ մաղթելով ավագ գործընկերոջը երկաթյա առողջություն և հավելելով, որ դեռ շատ համատեղ ծրագրեր պետք է կյանքի կոչվեն։ Հովհաննես Սարուխանյանի մասնագիտական գործունեության մասին խոսեցին և հոբելյանի առթիվ շնորհավորեցին նաև Դատական բժշկության ամբիոնի վարիչ Շոթա Վարդանյանը և Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանը։ «Ես հուզված եմ, ուրախ եմ, երջանիկ եմ, որ կարող եմ ներկա լինել այսօրվա նիստին, լսել այս քաղցր խոսքերը»,- նշեց հոբելյարը։ Կոչումով բժիշկը շեշտեց, որ իր բոլոր հաջողությունների հիմքում նաև այն կոլեկտիվներն են, ում հետ նա աշխատել է։ Նա թվարկեց իր դասախոսներին, բժշկագիտության այն բոլոր հսկաներին, ովքեր աջակցել են իրեն՝ իր ուղին կերտելիս։ Չմոռացավ նաև բժշկական բոլոր հաստատությունների ղեկավարներին և ԵՊԲՀ ռեկտորներին, ում հետ աշխատել և աշխատում է։ Նշենք, որ ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ Վիրաբուժության թիվ 3 ամբիոնն այսուհետև կկրի անվանի բժիշկ-գիտնական Հովհաննես Սարուխանյանի անունը։

Նմանատիպ նյութեր