211652_close_icon
views-count2808 դիտում article-date 15:36 20-03-2018

Հայկական սննդամթերքի արտահանման հնարավորություններն ու ընթացակարգերը՝ հայ-ամերիկյան քննարկումների օրակարգում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում, ամերիկացի գործընկերների հետ բանակցել է սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների շուրջ, քննարկել սննդամթերքի ներմուծման ու արտահանման ընթացակարգերը: Մասնավորապես, կողմերն անդրադարձել են անասնաբուժական և բուսասանիտարական ուղեկցող փաստաթղթերի շրջանառության կարգին՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ և ԵՄ կարգավորումները։ Կարևորվել է տեղեկատվության փոխանակումը գործընկեր կառույցների միջև, ինչպես նաև համագործակցությունը ԱՄՆ սննդամթերքի և դեղերի ադմինիստրացիայի, Գյուղատնտեսության դեպարտամենտի, Սննդամթերքի անվտանգության և ստուգման կազմակերպության հետ՝ արտահանման ու ներմուծման սահուն ընթացքն ապահովելու և տնտեսավարողներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Իսկ գործընկեր կառույցների միջև համագործակցությունը կարևոր է, քանի որ հայ արտադրողները հետաքրքրված են նոր շուկայում ներկայացված լինելու հարցում և մտադիր են առաջիկայում ԱՄՆ արտահանել, մասնավորապես, մսամթերք, մեղր, կաթնամթերք, թարմ և չորացված մրգեր, խմիչք: Ծառայության պետը ներկայացրել է նաև ՍԱՊԾ վերահսկողության ոլորտներն ու մեխանիզմները, միաժամանակ՝ այն ընթացիկ ծրագրերը, որոնք ուղղված են թե կենդանական, թե բուսական ծագման սննդամթերքի անվտանգությանն ու որակի բարելավմանը, ինչն էլ հայկական արտադրության սննդամթերքն առավել մրցունակ կդարձնի:

Նմանատիպ նյութեր