211652_close_icon
views-count8129 դիտում article-date 22:37 09-12-2017

Արտաքին քաղաքական առաջնահերթությունները երկու հայկական հանրապետությունների խորհրդարանականների քննարկումների օրակարգում

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովները դեկտեմբերի 9-ին Արցախի Ազգային ժողովում հրավիրել են համատեղ նիստ՝ հանձնաժողովների ղեկավարներ Արզիկ Մխիթարյանի և Արմեն Աշոտյանի համանախագահությամբ: Նիստին մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և նախարարի տեղակալները: Քննարկվել են Հայաստանի և Արցախի խորհրդարանական համագործակցության արտաքին քաղաքական օրակարգին և Հայաստանի արտաքին քաղաքական վերջին զարգացումներին վերաբերող հարցեր: Նոյեմբերին Երևանում տեղի ունեցած ԱՀ ԱԺ-ՀՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի ընթացքում երկու խորհրդարանների միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել կոնկրետ թեմաների հետագա քննարկումները տեղափոխել երկու խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների օրակարգ: Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը արտաքին քաղաքական կապերի ընդլայնման գործում և բարձր գնահատել Հայաստանի և Արցախի օրենսդիրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը: «Մեր երկու խորհրդարանների համագործակցության ներկայիս մակարդակը թույլ է տալիս ավելի բարձր նշաձող սահմանել արտաքին քաղաքական հարցերում խորհրդարանական մասնակցության համար: Տարբեր առիթներով բազմիցս շեշտել եմ, որ ՀՀ Ազգային ժողովը յուրատեսակ կապող օղակ է մեզ համար այլ երկրների խորհրդարանականների հետ շփումների առումով»,-նշել է Աշոտ Ղուլյանը: Ընդգծելով նման ձևաչափով հանդիպման կարևորությունը՝ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ արցախցի գործընկերների հետ ուրվագծել են գործողությունների որոշակի ծրագիր՝ շփումներն առավելագույնս ոլորտային և առարկայական դարձնելու համար: «Արտաքին քաղաքական դաշտում, հատկապես անվտանգային միջավայրի ձևավորման տեսակետից մեր ձեռնարկելիք քայլերը պետք է լինեն համահունչ Արցախի խորհրդարանի և ժողովրդի սպասումներին»,- շեշտել է Արմեն Աշոտյանը: ԱՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը կարևորել է խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների միջև տարեցտարի կատարելագործվող փոխգործակցությունը, պարբերաբար կազմակերպվող հանդիպումները և տարբեր հարցերի շուրջ ընդունվող հայտարարությունները: Այնուհետև նիստի մասնակիցները անցել են օրակարգային հարցերի քննարկմանը: «Հայաստանի ու Արցախի խորհրդարանական համագործակցության արտաքին քաղաքական օրակարգը» զեկույցով հանդես է եկել Արզիկ Մխիթարյանը, որում մասնավորապես անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, դրանում Արցախի մասնակցությանը, միջազգային ճանաչման ուղղությամբ կատարվող քայլերին և Արցախը որպես բնականոն կյանքով ապրող և զարգացող երկիր ներկայացնելու անհրաժեշտությանը: Մտքերի փոխանակության ընթացքում ելույթներով հանդես են եկել Արմեն Աշոտյանը, Հայկ Խանումյանը, Արտակ Զեյնալյանը, Կարեն Բեքարյանը, Դավիթ Մելքումյանը, Շիրակ Թորոսյանը: Ընդմիջումից հետո համատեղ նիստը շարունակվել է օրակարգային երկրորդ հարցի քննարկմամբ, որը վերաբերում էր Հայաստանի արտաքին քաղաքական վերջին զարգացումներին: Թեմայի շուրջ ցեկույց է ներկայացրել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության՝ հարևան երկրների և համաշխարհային ուժային կենտրոնների հետ հարաբերություններում ոռկա իրավիճակին և սպասվող զարգացումներին: Քննարկվող թեմայի շուրջ մտքեր են փոխանակել Վարդգես Բաղրյանը, Արտակ Զեյնալյանը, Գեորգի Պետրոսյանը, Շիրակ Թորոսյանը, Արայիկ Աղաբաբյանը, Աշոտ Ղուլյանը և Կարեն Բեքարյանը: Համատեղ նիստի արդյունքներով հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանը և Արմեն Աշոտյանը ճեպազրույց են անցկացրել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր