211652_close_icon
views-count963 դիտում article-date 18:48 07-07-2015

Հայաստանի սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի ամփոփիչ փուլը` քննարկումների օրակարգում

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ հուլիսի 7-ին տեղի է ունեցել «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականցում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են միջազգային կառույցների և պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` Ֆինանսների նախարարը հորդորել է ակտիվ քննարկումներ ծավալել՝ ծրագրի ավարտական փուլին առնչվող բոլոր խնդիրների վերհանմանն ու լուծմանը միտված: Նախարարն ընդգծել է շինարարական աշխատանքները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող որակով և սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: «Ծրագրի իրականացման արդյունքում ֆիզիկական անձինք և բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն կստանան սահմանահատումն իրականացնել առավել սահուն և արագ»,-նշել է նախարարը: ՀՀ Նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանը նշել է ծրագրի վճռական փուլ թևակոխելու մասին՝ կարևորելով ջանքերի միավորումը՝ շինարարական աշխատանքներն ըստ ժամանակացույցի ավարտելու համար:  Նիստի ընթացքում ներկայացվել են կատարված աշխատանքները, քննարկվել են խնդիրներն ու նախանշվել առաջիկա անելիքները: ՀՀ-ում ՄԱԶԾ գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոն կարևորել է քննարկումը՝ ծրագրին առնչվող բոլոր հարցերը հստակեցնելու և որոշումներ ընդունելու առումներով:  «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի նպատակը սահմանների համալիր կառավարման ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխանող համակարգերի ներդրումն է: 60.6մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության դրամաշնորհային և վարկային այլ միջոցների հաշվին: Այն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի գրասենյակը:

Նմանատիպ նյութեր