211652_close_icon
views-count3510 դիտում article-date 10:47 17-03-2018

Նորմալ հարաբերությունները ձեզ ավելի շատ են պետք, քան մեզ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ահմեդ Յըլդըզը երեկ Բաքվում անդրադարձել էր հայ-թուրքական արձանագրությունների՝ Հայաստանի կողմից չեղարկմանը. «Արձանագրություններն ավելի շատ Հայաստանին էին պետք, Երևանը չի ցանկանում կատարել մեր առաջադրած պայմանն ու կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը»։ Բայց Թուրքիայի փոխարտգործնախարարի մեկնաբանության մեջ կա ևս մի մոլորություն, որը հատուկ է գրեթե բոլոր տերություններին՝ լինեն դրանք տարածաշրջանային (ինչպես Թուրքիան է), թե համաշխարհային. քանի որ մենք ուժեղ ենք, մեզնից թույլ տնտեսություն, պակաս ռազմական ներուժ, փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրները ավելի շատ են շահագրգռված մեզ հետ լավ հարաբերություններ ունենալ, քան մենք՝ այդ համեմատաբար «փոքր» երկրների հետ: Դա երևում է, մասնավորապես, Միացյալ նահանգների օրինակով: Այդ երկիրը որոշել է, ինչպես ասում են, «գազ տալ» Ռուսաստանի վրա՝ հասկանալով, որ երկու երկրները խիստ անհավասար են ռազմական և տնտեսական ներուժի տեսանկյունից: ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները ստիպված են նույնն անել, մի մասը «հավեսով» (Մեծ Բրիտանիայի նման), մյուս մասն՝ «անհավես» (օրինակ, Ֆրանսիան): Պուտինն էլ, իհարկե, համաշխարհային տերության իր չհիմնավորված հավակնություններով, կրակի վրա յուղ է լցնում: Այս իրավիճակում իրեն առավել ադեկվատ է պահում Գերմանիայի կանցլեր Մերկելը: Գուցե պատմական փո՞րձն է դեր խաղում. 20-րդ դարում իր երկիրը «գազ տվեց» ամբողջ աշխարհի վրա, և դա ողբալի ավարտ ունացավ հենց Գերմանիայի համար: Իրականում ասել՝ «նորմալ հարաբերությունները ձեզ ավելի շատ են պետք, քան մեզ», անմտություն է: Բոլորը բոլորի կարիքն ունեն՝ մանավանդ 21-րդ դարում: Բոլորը կարիք ունեն ոչ թե հակադրելու, այլ համադրելու իրենց շահերը, որովհետեւ աշխարհը գնալով ավելի ու ավելի փխրուն է դառնում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր