211652_close_icon
views-count6608 դիտում article-date 16:08 13-03-2018

Իններորդ վիրավոր զինվորը Արցախում նոր առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում վիրավորված ազատամարտիկ Արարատ Ավանեսյանն այսօր բնակարանամուտ նշեց Արցախի Ասկերանի շրջանի Պատարա գյուղում: Առանձնատունը գնվել և վերանորոգվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և Ազատուհի Զարուկյանի կողմից վերջերս հիմնադրված` Նյու Յորքի Սուրբ Լուսավորիչ Մայր եկեղեցու հովանու ներքո գործող Զարուկյան հիմնադրամի համաֆինանսավորմամբ: Առանձնատան բացմանը մասնակցել են Ասկերանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Պատարայի գյուղապետ Կարեն Արզումանյանը և Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը: Արարատ Ավանեսյանը ազատագրական շարժմանը միացած առաջին կամավորներից է: 22 տարեկան հասակում նա ծանր վնասվածք է ստացել մարտի դաշտում և այդ օրվանից բախվել մի շարք առողջական խնդիրների: 47 տարեկան Արարատն այժմ Պատարա գյուղում է բնակվում կնոջ և դպրոցական տարիքի 3 դստրերի հետ: Մինչև վերջերս, ընտանիքը չուներ սեփական կացարան և ստիպված էր ժամանակավոր բնակություն հաստատել բարեկամների տանը: Սա Թուֆենկյան հիմնադրամի «Բնակարանային աջակցություն վիրավոր զինվորներին» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած 9-րդ բնակարանամուտն է: Ծանր պայմաններում հայտնված զինվորների ընտանիքներին աջակցելու նպատակ ունեցող այս ծրագիրը մեկնարկել է 2016թ. ապրիլին` ի պատասխան Քառօրյա պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակին: Մինչ օրս, ծրագրի շրջանակներում 9 տներ են կառուցվել, վերանորոգվել կամ ձեռք բերվել Արցախի վիրավոր զինվորների համար: «Արարատը մեկն է այն խիզախներից, ում արիության և զոհաբերության շնորհիվ մեր հայրենիքն այսօր ազատ է: Այս զինվորներին օգնելը մեզ համար կարևորագույն պարտավորություն է, որի միջոցով մեր հավերժական երախտագիտությունն ենք հայտնում Արցախի հերոս որդիներին:»,- ընտանիքին շնորհավորելով ասաց Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը: Չնայած ի սկզբանե ծրագիրը միտված էր աջակցելու Ապրիլյան պատերազմի մասնակից զինվորներին, հետագայում այն ընդլայնվեց, ընդգրկելով շտապ բնակարանային աջակցության կարիք ունեցող Արցախցի զինվորներին, անկախ նրանից, թե երբ են նրանք վիրավորվել: Արարատ Ավանեսյանը 90-ականների Արցախյան ազատամարտի մասնակից երրորդ զինվորն է, ով առանձնատուն է ստացել այս ծրագրի շրջանակներում: Իրականացման երկու տարիների ընթացքում ընդլայնվել է նաև ծրագրի աշխարհագրությունը, ձգվելով Ստեփանակերտի և Հադրութի պես խոշոր քաղաքներից մինչև Արցախի հեռավոր սահմանամերձ գյուղերը: Մինչ այժմ ծրագրում ներառված բոլոր 9 զինվորները գտնվում էին բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակում և բնակվում առողջության համար վնասակար կացարաններում: Ավելին` ծանր վնասվածքների հետևանքով նրանք ի վիճակի չէին վերանորոգումների միջոցով բարելավել իրենց պայմանները կամ աշխատել նոր տուն գնելու համար: Ինչպես այս զինվորներից շատերը, Արարատ Ավանեսյանի ընտանիքը նման դժվար կացության մեջ է ապրել երկար տարիներ, որոնց ընթացքում սեփական տուն ունենալը եղել է նրանց միակ երազանքը: Ընտանիքի նոր տունը ձեռք է բերվել նախորդ տարվա նոյեմբերին և հիմնարար վերանորոգման ենթարկվել` Արարատի ընտանիքի համար արժանապատիվ կեցություն ապահովելու համար: Ընդհանուր բարելավումներից և նորոգումներից բացի կառուցվել է նոր խոհանոց և սանհանգույց, ինչպես նաև հատուկ հարմարեցումներ են կատարվել առանձնատունը Արարատի տեղաշարժման կարիքներին (Արարատը քայլում է հենակների օգնությամբ) համապատասխանեցնելու համար: Չնայած 2016 թվականի արտակարգ իրավիճակն անցյալում է, Արցախի զինվորների բնակարանային կարիքները դեռևս լուծված չեն: Հաշվի առնելով նմանատիպ օգնության կարիք ունեցող վիրավոր զինվորների թիվը, հիմնադրամի այս նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի: Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի մասին Հիմնադրամը բացվել է 1999թ. գործարար Ջեյմս Թուֆենկյանի կողմից` նպատակ ունենալով հզորացնել տեղի քաղաքացիների նախաձեռնությունները, աջակցել հասարակության առավել խոցելի խմբերին, նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և խթանել սոցիալական արդարությունը Հայաստանում: 2003թ. ի վեր Հիմնադրամը ընդլայնել է իր գործունեության շրջանակը դեպի Արցախ, որտեղ այն խթանում է վերաբնակեցման և զարգացման ծրագրերի իրականացումը շրջանի ամենախոցելի սահմանային գոտիներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր