211652_close_icon
views-count3646 դիտում article-date 11:22 10-03-2018

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Սպիտակ Տանը և Կոնգրեսում

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակության այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ շարունակվում է։ Մարտի 9-ին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Սպիտակ Տանը և Կոնգրեսում։ Մասնավորապես Սպիտակ Տանը պատվիրակությանն ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ստորաբաժանման ղեկավար Քեթրին Քրոֆթը։ Հանդիպմանը պատվիրակության անդամները Քրոֆթին ներկայացրել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ընդգծվել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման և շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների առնչությամբ առավել հասցեական և թիրախավորված հայտարարություններ անելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել հայ-թուրքական արձանագրություններին և դրանց հետկանչմանը, ինչպես նաև՝ ներկայացվել են Եվրոպական միության հետ անցած տարվա նոյեմբերին ստորագրված համաձայնագրի մանրամասները։ Պատվիրակության անդամները նշել են , որ Հայաստանը միակ երկիրն է, որը, լինելով ԵԱՏՄ անդամ, նման համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ։ Նույն օրը Կոնգրեսում պատվիրակությունը հանդիպել է Հելսինկյան հիմնադրամի փորձագետների հետ։ Հանդիպմանը ներկայացվել են Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու համատեքստում իրականացվող ներքին բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող քայլերը և այլն։ Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության անհրաժեշտությանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր