211652_close_icon
views-count11352 դիտում article-date 21:27 01-03-2018

Անընդունելի է անձնական խնդիրները բերել մարզական դաշտ և խաղալ երկրի հեղինակության հետ

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի մոտ կայացան լսումներ Փհենչհանի օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների մասնակցության թեմայով: Ներկա էին նախարարության, ՀԱՕԿ-ի ներկայացուցիչներ, Հայաստանի դահուկային սպորտի ղեկավարները, մարզիչներ ու մարզիկներ: Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ ձմեռային մարզաձևերում Հայաստանը դեռ չլուծված բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ ունի, սակայն դրանք քայլ առ քայլ լուծելով, առաջ ենք ընթանում: Նախարարը նաև անդրադարձավ օլիմպիական խաղերում լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի հետ կապված աղմկահարույց լուրերին, որը դարձավ լսումների հիմնական թեմա: Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը մասնակցությունը գնահատեց բավարար. «Մենք մասնակցեցինք երիտասարդ մարզիկներով և երկու սպիտակ քարտով, ինչը վկայում է, որ մենք հեռու ենք աշխարհի լավագույններից»: Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ վերջին տարիներին կատարած աշխատանքների շնորհիվ Հայաստանի դահուկային սպորտը դուրս է եկել միջազգային ասպարեզ, և վերջին օլիմպիական խաղերին մեր մարզիկները մասնակցել են վարկանիշ ունենալով, իսկ վարկանիշային միավորներն առանց համապատասխան մարզագույքի հնարավոր չէ ձեռք բերել: Նաև ասաց, որ այսուհետև ֆեդերացիան հրաժարվելու է սպիտակ քարտերից: Մարզիկ Աշոտ Կարապետյանն ասաց, որ իր ամբողջ կյանքի նպատակն օլիմպիական խաղերին մասնակցելն է եղել: Նա շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որի շնորհիվ Փհենչհանում լուծվեց դահուկների հետ կապված խնդիրը, և ինքը կարողացավ հանդես գալ: Հետո մարզիկը տարբեր մեղադրանքներ հնչեցրեց ֆեդերացիայի հասցեին, որոնք ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը մեկ առ մեկ հերքեց: Պարզորոշ նկատվում էր, որ փոխադարձ մեղադրանքներն ավելի շատ անձնական դրդապատճառներ ունեն, քան մարզական: ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն իր խոսքում նշեց, որ լուրջ խնդիր, ըստ էության, չի եղել, և ստեղծված իրավիճակն արդյունք է այն բանի, որ ֆեդերացիան օլիմպիական խաղերի նախապատրաստության ընթացքում և Փհենչհան մեկնելիս մարզիչներին և մարզիկներին հստակ չի տեղեկացրել այն քայլերի մասին, որոնք արվել են օլիմպիական խաղերում հաջող հանդես գալու համար: Հրաչյա Ռոստոմյանն ամփոփիչ խոսքում նշեց, որ խոշոր մրցումների ժամանակ պատահում է, որ երկրների պատվիրակությունները չնախատեսված ինչ-ինչ խնդիրների առջև են հայտնվում և ընթացիկ լուծումներ գտնում են: Դա եզակի երևույթ չէ: «Սակայն անընդունելի է անձնական խնդիրները բերել մարզական դաշտ և խաղալ երկրի հեղինակության հետ», - ասաց նա: Նախարարը ֆեդերացիայի ղեկավարությանն առաջարկեց լուծարել հավաքականը, մարզիչների և մարզիկների նոր ընտրություն կատարել, աշխատել ավելի թափանցիկ, ավելի ուշադիր և հոգատար լինել մարզիկների և մարզիչների հանդեպ, ամիսը մեկ անգամ հրավիրել ֆեդերացիայի նիստ բոլոր մարզիչների մասնակցությամբ և անելիքները քննարկել միասին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր