211652_close_icon
views-count3669 դիտում article-date 20:35 23-02-2016

Ինչպե՞ս վերաբերվես այն հայերին, ովքեր հայի պատվի ու մեր երկրի հեղինակության հետ են խաղում Թուրքիայում. Արագած Ախոյան

Փետրվարի 6-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում հայ ընտանիքին կողոպտելու կասկածանքով ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացիներ լինելու մասին լուրը մեր հասարակությանը մեծ բարոյահոգեբանական հարված հասցրեց: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա ելույթը ներկայացնում է ստորեւ. Հարգելի՛ նախագահություն, հարգելի գործընկերներ Հայաստանի անկախացումից ի վեր հայ-թուրքական հարաբերությունների ընկալումը, մեր մոտ կապված է եղել գերազանցապես Հայոց ցեղասպանության պահանջատիրության, այդ երկրի կողմից Հայաստանի շրջափակման և Արցախյան հիմնահարցում այդ պետության հակահայ կողմնորոշմամբ: Շատ հաճախ տարբեր ամբիոններից փորձել ենք մեր արդար պահանջները վեր բարձրացնել՝ նշելով պատմական հայրենիքի մասնատման, ազգային մեծ ողբերգության մասին, կարծեք թե լուռ հետևելով մեր քաղաքացիների դեպի Թուրքիա բռնած տեղաշարժին՝ լուրջ չվերաբերվելով դրա հնարավոր հետևանքներին: Սոցիալական խնդիրների բացատրությամբ սկիզբ առած տնտեսական անթաքույց հարաբերությունները հետզհետե անվերահսկելի դաշտ ձևավորեցին: Մի կողմից գործ ունենք Թուրքիայում մանր ու միջին առևտրով և արտագնա աշխատանքով զբաղվող մեր քաղաքացիների մի խմբի հետ, մյուս կողմից էլ հանցավոր և արատավոր երևույթների մաս կազմող քաղաքացիների, որոնց համար ազգային բարոյականությունն ու պատիվը արդեն արժեք չունեցող եզրույթներ են: Եվ սա այն դեպքում, երբ այդ պետության հետ մենք պաշտոնական հարաբերություններ չունենք: Վերջերս էր, երբ կրկին անդրադարձներ ունեցանք թուրքահպատակ մեր ազգակից գործչի հակահայ քվեարկության հետ: Հայաստանի հասարակական կարծիքը կիսվեց երկու մասի, այդպես էլ չկարողնալով հետևության գալ թե Թուրքիայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավորը պետք է քվեարկեր առաջնորդվելով իր ազգային թե այն պետության շահերով, որի խորհրդարանի պատգամավորն է հանդիսանում ինքը: Ի վերջո եզրակացնելով, որ Թուրքիայի քաղաքացի հայը չէր կարող այլ կերպ վարվել չվտանգելով իրեն և իր ընտանիքը: Բայց այդ դեպքում ինչպես վերաբերվես այն հայերին, ովքեր լինելով մեր երկրի քաղաքացիներ, հայի պատիվն ու մեր երկրի հեղինակության հետ են խաղում նույն Թուրքիայում: Փետրվարի 6-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում հայ ընտանիքին կողոպտելու կասկածանքով ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացիներ լինելու մասին լուրը, որը ըստ իս խորքային քննության կարոտ հարց է և մեր հասարակությանը մեծ բարոյահոգեբանական հարված հասցրեց: Պետք է հասկանալի լինի, որ Թուրքիայի համար շարքային, գուցե շատ ավելի այլ զարհուրելի հանցանքների կողքին, մեր ազգի ներկայացուցչի ամեն նման դատապարտելի արարքը, ուղղակիորեն դառնալու է ոչ շարքային և օգտագործվելու է մեր դեմ: Հարգելի՛ գործընկերներ Թուրքիայի հետ ունեցած մեր կարևորագույն հարցերը այսուհետ ոչ միայն արտաքին, այլ ներքին դաշտի հնարավոր վտանգների գնահատման տեսանկյունից պետք է դիտարկել: Մենք իսկապես դատապարտելուց զատ լուրջ հետևություններ պետք է անենք: Վստահ եմ, որ այս այլանդակությունները մեր հասարակության մեջ արժանի և խիստ քննադատության են ենթարկվելու: Հորդորում ենք մեր պատկան մարմիններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը լինել հեևողական, ընդգծված կոշտ դիրքորոշմամբ պայքարել նման արատավոր երևույթների դեմ:

Նմանատիպ նյութեր