211652_close_icon
views-count1662 դիտում article-date 18:45 08-02-2018

Վարչապետին ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության 2017 թ. գործունեության արդյունքներն ու 2018 թ. անելիքները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Նախարար Արմեն Ամիրյանը տեղեկություն է ներկայացրել 2017 թ. մշակույթի նախարարության կողմից իրականացված միջոցառումների մասին, մասնավորապես առանձնացնելով Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված «Արարում» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում, որը Հայաստանի մասշտաբով ռեկորդային այցելություններ է ապահովել՝ 46207 այցելու. 1 ամսվա ընթացքում պատկերասրահի եկամուտը կազմել է շուրջ 15 մլն դրամ (2016 թ. պատկերասրահի տարեկան եկամուտն է եղել 15 մլն դրամ): Կազմակերպվել են «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեն և «Music Drive Fest» երաժշտական առաջին միջազգային ռոք-փառատոնը: Հիմնադրվել է «Ծիծեռնակ» ազգային երաժշտական առաջին մրցանակաբաշխությունը: Կազմակերպվել է ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի հանրահռչակման 4 փառատոն, ապրիլի 24-ին կազմավորվել է և Երևանում համերգ է ունեցել Համահայկական նվագախումբը: Տեղի է ունեցել Հայ-վրացական գեղարվեստական ճամբարը՝ Հայաստանի և Վրաստանի պատանի երաժիշտների համար, «Ջոն Մալկովիչը Հայաստանում» ծրագիրը: Կայացել է «Ահեղ դատաստան» մուլտիմեդիա ներկայացման առաջնախաղը՝ օպերային թատրոնի կողմից եվրոպական թատրոններից ձեռք է բերված վիրտուալ դեկորացիաների համակարգի հիման վրա: Ստեղծվել է հայ-իրանական առաջին լիամետրաժ ֆիլմը, Թեհրանի ազգային թանգարանում տեղի է ունեցել «Հայաստան և Իրան. հողի հիշողություն» ցուցահանդեսը: 2 միջոցառումն էլ լայն արձագանք են գտել և մինչ օրս այցելուների մեծ հոսք ունեն: Իրականացվել է «Մշակութային կանգառ» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի ու Արցախի 111 համայնքում և ՀՀ ԶՈՒ զորամասերում կազմակերպվել է 426 մշակութային միջոցառում. ծրագիրը շարունակվելու է նաև 2018 թ.: Անդրադառնալով գերատեսչության 2018 թ. առաջնային անելիքներին՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է հստակ ձևակերպել Հայաստանի մշակութային քաղաքականության նպատակները. «2017 թվականն ամփոփելուց հետո 2018-ի համար կոնկրետ խնդիրներ ձևակերպեք: Ուսումնասիրեք միջազգային փորձը՝ հասկանալու համար, թե ինչ ինդիկատորներ կան, որոնք կարող են ուղեցույց լինել մեզ համար: Մենք պետք է հստակ ձևակերպենք՝ ինչպես ենք մեր քաղաքացուն մեր մշակույթը սովորեցնում, որպեսզի ինքն իրեն որպես հայ իդենտիֆիկացնի և ինչպես ենք մեր մշակույթը դրսում տարածում: Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որտեղ ապրում են իմ ընկերները, բարեկամները և երեխաները, պատկերացնում եմ, թե ինչպիսի մշակութային միջավայր կուզենայի, որ լիներ, որպեսզի իրենք ժամանակակից քաղաքացի մեծանային: Ինչպե՞ս անենք, որպեսզի իրենք այս մշակույթի հետ առնչվեն, հայ մեծանան, իրենց մեջ այդ հպարտությունը լինի, բայց նաև ժամանակակից աշխարհի հետ համահունչ լինենք»:

Նմանատիպ նյութեր