211652_close_icon
views-count3862 դիտում article-date 10:29 08-02-2018

Այս տարվանից Եվրոպայից ներկրվող կարտոֆիլի սերմացուի համար հարկ են վճարելու. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Ազատան համայնքի կարտոֆիլագործներն այս օրերին գործարքների մեջ են: Ֆերմեր Գևորգ Աբրահամյանը հեռախոսը ձեռքից վայր չի դնում՝ կապի մեջ է Հոլանդիայի, Շոտլանդիայի գործընկերների հետ: Պետք է կարտոֆիլի սերմացու գնի: Արդեն պատվիրել է, բայց սերմը նրա վրա թանկ կնստի: Այս տարվանից Եվրոպայից ներկրվող կարտոֆիլի սերմացուի համար հարկ են վճարելու: Նրա խոսքով՝ նախկինում նման բան չի եղել: Դեռ չգիտեն, թե ինչքան հարկ են վճարելու, բայց ըստ շրջանառվող լուրերի, 5-7%: Ընդ որում՝ ներկրվող սերմացուի համար եվրոյով են վճարելու: «Եվրոպացին իր ապրանքը չի թանկացրել, նախորդ տարվա գինն է: Այսօր տարադրամի շուկայում եվրոյի փոխարժեքն աճում է՝ բարձրացնելով նաև կարտոֆիլի սերմացուի գինը: 1000 եվրոյի մեջ արդեն 75000-ի տարբերություն կա: Եվրոյի փոխարժեքը 600 դրամի մոտ է: Ակցիզային հարկի, մաքսատուրքի գումարները հաշվելով՝ 1 տոննա սերմի գինը նախորդ տարվա համեմատ 150000–200000 դրամի տարբերություն է տալիս»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց ֆերմերը: Թունաքիմիկատները և դիզվառելիքը ևս թանկացել են: «Եթե հող ենք մշակում, թանկ թունաքիմիկատ ու դիզվառելիք գնելով, ապա 1 հեկտար կարտոֆիլ մշակելը մոտ 1 միլիոն դրամ է կազմում: Իսկ պարարտանյութերի շուկան ազատականացրել են, մտածում ենք, մեքենա վարձել, գնալ Ռուսաստան և այնտեղից գնել: Թունաքիմիկատների պատվերը դեռ նոր պետք է տանք, ասում են, որ ահագին գնային փոփոխություններ կան»,- նշեց ազատանցին: Ըստ ֆերմերի՝ եթե նման գնաճի պայմաններում շարունակեն զբաղվել կարտոֆիլի արտադրությամբ, վնաս կկրեն: «Եթե անցյալ տարվա գներով շարունակենք կարտոֆիլ վաճառել, շահույթ չենք ստանա: Պետք է անմիջապես հողից մեկ կիլոգրամ կարտոֆիլը գոնե 160 դրամով վաճառենք: Եթե գյուղատնտեսությունը գերակա ճյուղ էր հանդիսանում, նորից հետին պլանում կհայտնվի: Եվ վերջապես, քաղաքացին էլ է մեղք: Նրանց աշխատավարձը չի բարձրանում, գնողունակությունն ընկել է: Այն չափաբաժինը, որ նախատեսված է գնել, այդքան չեն գնում: Գումարի պատճառով մարդիկ կսկսեն քիչ ապրանք գնել և վատ սնվել»,- մտահոգություն հայտնեց նա: Լոռու մարզի կարտոֆիլագործները ևս սեփական հաշվարկներն են արել: Դիզվառելիքի և բենզինի գնաճի պատճառով, ըստ նրանց, մեկ հեկտար հող մշակելը կթանկանա 10000-40000 դրամով: «Դա բնականաբար գյուղմթերքի վրա ազդելու է: Մեր արտադրանքը թանկ ենք վաճառելու: Թանկացումների մեջ մեղավոր չենք, քանի որ արտադրանքը մեզ վրա թանկ է նստում»,- ասաց նա: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ կարտոֆիլի գինն աճել է միջինը 28%-ով: Եթե նախորդ տարվա վերջին ամիսներին կարտոֆիլի 1 կիլոգրամը շուկայում վաճառվում էր 160-180 դրամով, ապա այսօր՝ 180-ից 200 դրամով: Խանութներում և սուպերմարկետներում ավելի թանկ է՝ 220-250 դրամ: Թեև այս տարի նախատեսված չէր դիզվառելիքը սուբսիդավորել, բայց գնաճով պայմանավորված, պետությունը հողագործին կընդառաջի: Մինչև թանկացումները դիզվառելիքի գինը 380 դրամ էր, նախատեսում են պահպանել այդ գինը։ ՀՀ գյուղատնտեսության նախարարն էլ հանդիպում է ունեցել կարտոֆիլագործների հետ: Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն վստահեցրել է՝ ամեն ինչ անելու են, որպեսզի բարձրացնեն հայկական կարտոֆիլի մրցունակությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր