Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրի «Նանտ»-ՊՍԺ խաղում (0:1) նախադեպը չունեցող միջադեպ է գրանցվել:
Հանդիպման վերջին րոպեին, երբ հյուրերը գրոհելիս են եղել, «Նանտի» պաշտպան Դիեգո Կարլոսը ետ վերադառնալիս պատահաբար դիպել է գլխավոր մրցավար Տոնի Շապրոնին, որը վայր է ընկել:
Նման խաղային դրվագները հազվադեպ, բայց լինում են և նման դեպքերում մրցավարները ուշադրություն չեն դարձնում տեղի ունեցածին՝ շարունակելով խաղը:
Սակայն մրցավարը բոլորովին այլ՝ սկանդալային կերպով է արձագանքել դրվագին: Նախ, նա հարվածել է Դիեգո Կարլոսին, որից հետո նրան դեղին քարտ ցույց տվել և հեռացրել խաղադաշտից, քանի որ դա ֆուտբոլիստի երկրորդ դեղինն էր: Այդքանից հետո էլ մրցավարը տուգանային հարված է նշանակել դաշտի տերերի դարպասին՝ իր դեմ խախտում կատարելու հիմնավորմամբ:
«Նանտի» դժբախտ ֆուտբոլիստի բոլոր արդարացումները, որ հպումը ընդամենը պատահական բնույթ է կրել, ոչ մի արդյունք չի տվել: