211652_close_icon
views-count67351 դիտում article-date 16:35 02-01-2018

Արտակարգ դեպք Եղեգնաձորում. հյուրանոցային համալիրում դաժան ծեծի է ենթարկվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցը. ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալներին, վերջիններս ձերբակալվել են

Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 258 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով երեկ՝ հունվարի 1-ին, հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ, ժամը 08։30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Հայկ Գալստյանը Ոստիկանության Եղեգնաձորի բաժին հայտնել է, որ նույն օրը Եղեգնաձորի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում գործող «Դավիթ Մարտիրոսյան» ԱՁ-ի հյուրանոցային համալիրում իրեն անծանոթ 2 քաղաքացի առանց պատճառաբանության, անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ինքը ծեծի է ենթարկվել։ Հ. Գալստյանը տեղեկացրել է նաև, որ ծեծողներից մեկը, ում անունը հետո ինքը ճշտել է՝ Ֆրունզե, Mercedes մակնիշի 888 81 համարանիշի (տառերը չի կարողացել հիշել), ավտոմեքենայի սրահից դանակը վերցրել և հարվածել է իր աջ ձեռքին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ նշված անձինք կոտրել են նշված հյուրանոցային համալիրի թիվ 2 սենյակի դուռը, մտել ներս, այնտեղից գողացել «ՄՌ-153» տիպի, որորդական ողորկափող հրացանը։ Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ծառայողները պարզել են, որ Հ. Գալստյանին ծեծի ենթարկողներն են Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 26-ամյա Ֆրունզե Բադալյանը և 40-ամյա Վահե Բադալյանը։ Ոստիկանների և քննիչների օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների, այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում երեկ Ֆ. և Վ. Բադալյանները ներկայացել են Եղեգնաձորի ոստիկանություն։ Վ. Բադալյանը ներկայացրել է նաև հյուրանոցային համալիրից գողացած հրացանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս ձերբակալվել են, տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր, քննիչի որոշմամբ էլ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաապրանքագիտական։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Գալստյանն աշխատում է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր