Բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար ու անվտանգ պետություն. ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղերձը
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղերձը.
Սիրելի հայրենակիցներ, ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների առթիվ:
Այս րոպեներին մենք եւս մեկ անգամ ամփոփում ենք մեր մտքերն ու զգացմունքները, համեմատում ակնկալիքներն իրականության հետ` գիտակցելով, որ դեռ շատ անելիքներ ունենք:
Բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար ու անվտանգ պետություն: Մեզնից է կախված, թե ներկայում արժեքավոր ինչ կստեղծենք վաղվա սերունդների համար:
Վստահ եմ, որ մեր երկրի ու միմյանց հանդեպ ունեցած սրտացավությունը, սերը եւ ջերմությունը մեզ կբավականացնեն` հասնելու համազգային, ընտանեկան ու անձնական նպատակներին:
Այդպես միասնաբար 2018 թվականին արժանապատվորեն պետք է նշենք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանը, ինչպես նաեւ մայրաքաղաք Երեւանի հիմնադրման 2800-ամյակը եւ արցախյան շարժման 30-ամյակը:
Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, մաղթում եմ առողջություն, խաղաղություն ու բարօրություն: Թող Նոր տարին երջանկություն ու հաջողություն բերի ձեր ընտանիքներին ու հարազատներին:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: