Օգնում են փրկարարները. ի՞նչ Նոր տարի՝ առանց Ձմեռ պապ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնն անակնկալ մատուցեց Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոքրիկ այցելուներին:
Կենտրոնի սաները ամանորյա հանդես-ներկայացումով ուրախ պահեր պարգևցին երեխաներին՝ ներկայացնելով նաև «911» ծառայության ու աղետներին դիմակայելու պատրաստվածության կարևորությունը: Փոքրիկ հանդիսատեսը յուրատեսակ հետաքրքրությամբ լսում էր փոթորկի, կայծակի և բնության այլ երևույթների մասին պատմությունները և մեծ ոգևորությամբ սպասում պատմությունների իրական հերոսի՝ փրկարարի հաղթանակին:
ՀՀ ԱԻՆ մշակույթի կնտրոնի տնօրեն Քնարիկ Զաքարյանը նշում է, որ ուրախ ու վառ կերպարներով ներկայացումը ոչ միայն տոնական տրամադրություն պարգևելու նպատակ ունի, այլ նաև երեխաներին իրազեկելու և, որպես հուսալի ընկեր, փրկարարի կերպարը ներկայացնելու հնարավորություն է:
Մուլտհերոսների և անհավանական ուժ ունեցող հորինված կերպարների կողքին այսօր հայտնվեց նաև իրական հերոսը՝ փրկարարը և երեխաների համար յուրաքանչյուր Ամանորի սպասված գլխավոր հյուրին՝ Ձմեռ պապին օգնեց հասնել ու շնորհավորել մանուկներին:
Ք. Զաքարյանը նշեց, որ կենտրոնի՝ 7-11 տարեկան երեխաներից կազմված թատերախումբն առաջիկայում հանդես կգա նաև մանկատներում: