211652_close_icon
views-count1024 դիտում article-date 11:07 22-10-2026

Ստեփանավանի ավագանու անդամի 5 թեկնածուի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը

Խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով նախօրեին ձերբակալված 14 անձանցից 10-ի, այդ թվում՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամների 5 թեկնածուների նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Այս մասին հայտնել են ՀԿԿ-ից։

«Մնացած մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցներ»,- հայտնում են կոմիտեից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին կայանալիք ավագանու ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով:

Ազգային անվտանգության ծառայության իրականացրած միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ այս կիրակի սպասվող ավագանու համամասնական ընտրություններում առաջադրված՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն, ընտրությանը մասնակցելու և իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամների թեկնածուների օժանդակությամբ Ստեփանավանի տարբեր բնակավայրերի մի քանի տասնյակ ընտրողների տվել է ընտրակաշառք։ Նա պատրաստվել է ընտրակաշառք տալ 3 տասնյակից ավելի ընտրողների նույնպես, ինչի համար առանձնացրել է յուրաքանչյուր ընտրողի համար նախատեսված գումարները, նշումներ կատարել և ցուցակներ կազմել։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկությունները հաստատող տեսաձայնագրություն է հրապարակել:

Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորել է Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին:

Նմանատիպ նյութեր