Կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը
Կառավարության նիստում այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության` մի կողմից և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը։
«Շրջանակային այս համաձայնագիրը նոր գործընկերային մակարդակի է բարձրացնում Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունները և կոչված է դրանք կարգավորելու գալիք տարիների ընթացքում»,- ասաց նախարարը:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ համաձայնագրի դրույթներում նկատի են առնվում ինտեգրացիոն այլ ձևաչափերում Հայաստանի ստանձնած պարտավորությունները։ Համաձայնագրով կանոնակարգվում են Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությունը, տնտեսական և առևտրային հարաբերությունները, ոլորտային համագործակցությունը, կարևորվում ու խրախուսվում է քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակականության ապահովումը: