Նպատակը Արցախի ժողովրդի կողմից իր վերջնական ճակատագրի որոշումն է. Էդուարդ Շարմազանով
«Մեր նպատակը Արցախի ժողովրդի կողմից իր վերջնական ճակատագրի որոշումն է, որը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից: Սա է խնդիրը: Բանակցությունների թեման սա է»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը նշեց, որ օրերս ինքը այցելել էր Լատվիա, որտեղ ելույթ է ունեցել և խոսել այդ մասին:
«Հայաստան-Եվրամիություն համաձայնագրով, որտեղ կա Ղարաբաղյան հակամարտության մասին դրույթ, հստակ գրված է, որ ընդունվում են միջազգային 3 սկզբունքները՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացում: Հուսով ենք, որ եվրոպական մեր գործընկերները հնարավորինս շուտ կվավերացնեն այն, ինչից հետո այդ դրույթները կունենան օրենքի ուժ, ԵՄ անդամ-երկրները օրենքի ուժով կընդունեն, որ այդ 3 սկզբունքներից շեղվել չի կարելի»,- ասաց խորհրդարանի փոխխոսնակը և կարևորեց Արցախի խնդրի մասին տեղեկատվության հասանելիությունը: