Երեւանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը
Դեկտեմբերի 19-20-ը Երեւանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը:
Նիստի ավարտին ընդունվել են եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ, որոնք հիմնվում են Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի վրա:
Ընդունված փաստաթուղթն արտացոլում է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համատեքստում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում, համագործակցության ոլորտներն ու հետագա անելիքները:
Փաստաթուղթը մեկ անգամ եւս վերահաստատում է ԼՂ հակամարտության հարցում ԵՄ հստակ դիրքորոշումը՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի աջակցությանը:
Ստորեւ ներկայացնում ենք փաստաթղթի հայերեն տարբերակը՝ ոչ պաշտոնական թարգմանությամբ:
Համաձայն Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի 2017 թվականի դեկտեմբերի 19-20-ը Երեւանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) 17-րդ նիստը՝ ՀՀ Ազգային ժողովի անունից Արմեն Աշոտյանի եւ Եվրոպական խորհրդարանի անունից Սաջադ Քարիմի համանախագահությամբ: ՀՀ կառավարության անունից հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, Եվրոպական միության անունից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Հաշվի առնելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա վիճակը՝ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը համաձայնության է եկել հետեւյալ հայտարարության եւ առաջարկությունների շուրջ: