211652_close_icon
views-count809 դիտում article-date 20:00 19-03-2015

Ազգային ժողովում աշխատանքն է սկսել Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը

Մարտի 19-ին խորհրդարանում մեկնարկել է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը՝ ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահներ Սամվել Ֆարմանյանի եւ Սաջադ Քարիմի նախագահությամբ: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Հարգելի համանախագահներ, Հարգելի գործընկերներ, Ողջունում եմ ձեզ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը Երեւանում անցկացնելու կապակցությամբ: Մենք այս շաբաթ առիթ ունեցանք աշխատելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում բազմակողմ ձեւաչափում, որն ինչպես արդեն նշել եմ Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության միջեւ համագործակցության ընդլայնման կարեւոր հարթակ է: Այսօր կրկին հաճելի առիթ ունեմ ողջունելու ձեզ մեկ այլ՝ միջխորհրդարանական համագործակցության երկկողմ ձեւաչափում: Կուզենայի խորհրդարանական այս ամբիոնից եւս մեկ անգամ նշել, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից, քանի որ ԵՄ-Հայաստան համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա եւ համաեվրոպական արժեքների տարածումը այս համագործակցության առանցքն է: Կուզենայի եւս մեկ անգամ հատուկ ընդգծել այս տարիների ընթացքում Եվրոպական միության կառույցների հետ ունեցած սերտ համագործակցությունը, որի արդյունքում մեծ աջակցություն է ցուցաբերվել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, որոնք ուղղված էին Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախության ապահովմանը, լավ կառավարմանը եւ այլն: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը այսուհետ նույնպես կշարունակվի: Տիկնայք եւ պարոնայք, Այս տարի հայ ժողովուրդը եւ քաղաքակիրթ ողջ աշխարհը ոգեկոչում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Պետք է առանձնահատուկ նշեմ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում Եվրոպական խորհրդարանի դերը, որը համաեվրոպական կառույցներից առաջինն էր, որ 1987 թվականի իր բանաձեւով դատապարտեց Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ կատարված ոճրագործությունը` կոչ անելով Թուրքիայի կառավարությանը ճանաչել այն: Երկու օր առաջ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, որով հարգանքի տուրք մատուցվեց մարդկության դեմ իրականացված բոլոր հանցագործությունների նահատակների հիշատակին: Մեր համատեղ փաստաթուղթը կարեւոր ներդրում է ցեղասպանությունների ճանաչմանը, դատապարտմանը եւ կանխարգելմանն ուղղված քաղաքակիրթ աշխարհի պայքարում: Կրկին ողջունելով ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի անցկացման կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ կառուցողական քննարկումներ եւ արդյունավետ աշխատանք»: Հանձնաժողովի անդամներին ողջունել են նաեւ համանախագահներ Սամվել Ֆարմանյանը եւ Սաջադ Քարիմը: Սամվել Ֆարմանյանի գնահատմամբ՝ հանդիպումների նման ձեւաչափն առանձնահատուկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս բոլոր խնդիրները բաց եւ անկաշկանդ մթնոլորտում քննարկել: Նա ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ հիմքում ունենալով ընդհանուր արժեհամակարգը եւ բացառիկ այն ճշմարտությունը, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության անքակտելի մասն է: Պարոն Ֆարմանյանը հավաստիացրել է, որ Հայաստանը միջխորհրդարանական ձեւաչափով նման հանդիպումները երբեք չի ծառայեցրել եւ չի ծառայեցնելու ազգամիջյան թշնամանք հրահրելուն եւ հակաադրբեջանական բանաձեւերի ընդունմանը: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ բանախոսը կարեւորել է խնդրի խաղաղ կարգավորումը, ինչը, նրա գնահատմամբ, այլընտրանք չունի: Սամվել Ֆարմանյանը ողջունել է Եվրախորհրդարանի պատգամավորների՝ Արեւելյան գործընկերության քաղաքականության որոշակի վերանայման արդյունքում գործընկեր երկրների հետ ավելի տարբերակված մոտեցում կիրառելու քայլը: «Քաղաքական զարգացումները եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նա անդրադարձել է Հայաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման գործընթացի մեկնարկին եւ փուլերին, կատարված աշխատանքին, ինչպես նաեւ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումից հետո ԵՄ-ի հետ համագործակցության մակարդակին: Պարոն Պողոսյանի համոզմամբ՝ կարեւորը քաղաքական զարգացման շրջանակում բարեփոխումների արդյունավետ իրականացումն է: Խոսելով Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների գործընթացից՝ նա հույս է հայտնել, որ այդ բարեփոխումները միտված կլինեն մարդու իրավունքների պաշտպանությանը եւ արդարադատության ոլորտի խնդիրների լուծմանը: «Հայաստանի նկատմամբ ԵՄ առեւտրային քաղաքականության գնահատում. տեսակետների փոխանակում արտոնությունների ընդհանուր համակարգի եւ առաջընթացի ցուցանիշների վերաբերյալ /GSP+/, տնտեսական իրավիճակը Հայաստանում, տնտեսական համագործակցության հեռանկարները» զեկույցի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Նրա խոսքով՝ ՀՀ-ն եւ ԵՄ-ն մի շարք համաձայնագրեր են ստորագրել եւ համագործակցում են տարբեր ծրագրերի շրջանակներում, որոնք նպաստում են նաեւ ՀՀ տնտեսության զարգացմանը: Պարոն Վարդապետյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է ողջամիտ մակրոտնտեսական քաղաքականություն վարել եւ իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ՝ օգտվելով կայուն զարգացման եւ լավ կառավարման խթանման հատուկ մեխանիզմներից՝ Ընդհանուր սակագնային արտոնությունների ԵՄ համակարգի շրջանակներում: Նա կարեւորել է նաեւ այն հանգամանքը, որ լինելով արդեն ԵՏՄ անդամ՝ Հայաստանը կարող է լրացուցիչ գրավչություն ստանալ եվրոպացի ներդրողների համար: Պատգամավորը նշել է, որ Հայաստանն եվրոպացի գործընկերներին առաջարկում է գործարարության լիբերալ եւ գրավիչ պայմաններ, նորաստեղծ ազատ տնտեսական գոտիներ, բիզնեսին աջակցելու նպատակով կիրառվող զանազան տնտեսական գործիքներ, որակյալ, կրթված, տնտեսապես շահավետ աշխատուժ: Եվրոպական միության հետ ոլորտային համագործակցության ընդլայնման վերաբերյալ խոսել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նա նշել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Արեւելյան գործընկերության բազմակողմ համագործակցության ձեւաչափում՝ մասնակցելով այդ շրջանակում ժողովրդավարության, արդյունավետ կառավարման, կայունության, էներգետիկ անվտանգության, մարդկանց միջեւ շփումների հարցերին նվիրված հանդիպումներին: Տիկին Եսայանը ներկայացրել է տարբեր բնագավառներում ԵՄ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու նպատակով իրականացվող ծրագրերն ու միջոցառումները: Խորհրդարանականները ներկայացրել են իրենց գնահատականները եւ պատկերացումները թե կատարված եւ թե կատարվելիք քայլերի մասին: Մարտի 20-ին խորհրդարանում կշարունակվի հանձնաժողովի նիստի աշխատանքը:

Նմանատիպ նյութեր