3328 դիտում
16:59 20-12-2017
2018-ից կներդրվի մաքսային հսկողության նոր գործիք՝ բեռների վերահսկման ինտեգրված ավտոմատ համակարգ
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության համար 2017 թվականը հատկանշվել է մաքսային կանոնների խախտման առանձնապես խոշոր բացահայտումներով: Մասնավորապես, կանխվել են տարբեր տեսակի թմրամիջոցների, թանկարժեք զարդերի և այլ ապրանքների ապօրինի ներկրման բազմաթիվ փորձեր:
ՊԵԿ նախագահի հանձնարարականով խնդիր է դրվել՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և ընթացակարգերի պարզեցմամբ մատուցել արդյունավետ, միաժամանակ աննկատ հսկողություն՝ առավել դյուրացնելով սահմանահատումը բիզնեսի համար: Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանի հավաստմամբ՝ կադրային քաղաքականությունը և տեխնիկական հագեցվածությունը թույլ են տալիս սահմանից սկսած՝ պատշաճ հսկողություն իրականացնել ներկրվող և արտահանվող բեռների նկատմամբ. «Ռենտգենյան զննման գերժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս տարբեր ժամանակահատվածներում և ըստ անհրաժեշտության բեռների լիարժեք զննում իրականացնել ոչ միայն մաքսային հսկողության տարբեր գոտիներում, այլև ցանկացած վայրում՝ շարժական համակարգի միջոցով»:
ՀՀ սահմանը հատած ցանկացած բեռնատար մեքենա զննվում է «Ռապիսկան» սարքավորման միջոցով. ՆՀՎ մասնագետները ստուգում և համեմատում են փաստաթղթային տվյալները՝ բեռնատարում գտնվող ապրանքների հետ, կասկած առաջանալու դեպքում բեռների ռենտգենյան սկանավորումից ստացված պատկերն ուղարկվում է նախաբացթողումային հսկողության վարչություն` վերլուծության և ռիսկային գնահատման համար: Անհամապատասխանության դեպքում բեռն անմիջապես վերցվում է հսկողության, միաժամանակ տեղեկատվությունն ուղարկվում է նշանակման վայր: Մաքսակետից մինչև նշանակման վայր հասնելը բեռնատարը գտնվում է նախաբացթողումային հսկողության ներքո:
Բարեփոխումների շրջանակում նաև նվազագույնի է հասցվել մաքսային հսկողությունը: Ըստ Գեղամ Մովսիսյանի, ընթացակարգերի բարելավման արդյունքում զգալի ավելացել է «կանաչ ուղու» տեսակարար կշիռը, ինչը նշանակում է, որ համակարգը հնարավորություն է տալիս ապրանքները բաց թողնել առանց զննության. ««Կանաչ ուղի» ընթացակարգով սպասարկվում է օրական շուրջ 100 բեռնատար, ամբողջ գործընթացը տևում է 2-3 րոպե»:
ՆՀՎ պետը վստահեցնում է` համակարգի արդիականացմամբ և հսկողական մեխանիզմների անընդհատ կատարելագործմամբ մաքսային իրավախախտումների բացահայտման մակարդակն էապես բարձրացել է: Իսկ 2018 թվականից ՊԵԿ տեխնիկական բազան կհամալրվի իրավախախտումների կանխարգելման և հայտնաբերման լրացուցիչ գործիքով. ներդրվելու է բեռնափոխադրման վերահսկման ինտեգրված ավտոմատ համակարգ: Մասնավորապես, կիրառվելու է ժամանակակից հնարավորություններով օժտված՝ մաքսային ապահովման միջոցների նոր մոդել, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել դրանց վնասման դեպքերը: Հսկողական նոր մեխանիզմով՝ սահմանը հատած բեռնատարի կապարակնքումից մինչև նշանակաման վայր հասնելու ամբողջ ժամանակահատվածը կգտնվի ՊԵԿ մոնիթորինգային կենտրոնի տեսադաշտում:
Գեղամ Մովսիսյանի տեղեկացմամբ՝ սահմանին տեղադրված սարքավորումների միջոցով ավտոմատ կհավաքագրվի ՀՀ մտնող բեռների վերաբերյալ նախնական տեղեկատվություն՝ (բեռնատարի պետհամարանիշը, բեռնարկղի համարը, բեռի հետ համատեղ տրանսպորտային միջոցի եզրաչափերը): Իսկ բեռի վերաբերյալ մնացած տվյալները կմուտքագրվեն օպերատորի կողմից (բեռի անվանումը, ներմուծող ընկերությունը, նշանակման մաքսային պահեստը, շարժման երթուղին, ռենտգենյան սկանավորմամբ ստացված պատկերը): Հավաքագրված տվյալները կներմուծվեն GPS կողպեքի հիշողության մեջ և ձևակերպումներից հետո այն կամրացվի տրանսպորտային միջոցին: «Բեռնատարի տեղաշարժը վերահսկվելու է GPS կողպեքի և GSM ցանցի միջոցով: Ցանկացած պահի հայտնի է լինելու բեռի կարգավիճակը և նրա աշխարհագրական դիրքը, ընդ որում, յուրաքանչյուր անթույլատրելի քայլի դեպքում Էլեկտրոնային կողպեքը ահազանգ է ուղարկելու կենտրոն, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի շեղում նախատեսված երթուղուց, երկարատև կանգառ, կողպեքի բացման փորձ, սնուցման մարտկոցի հետ կապված ցանկացած խնդիր և այլն»,-նշել է Գեղամ Մովսիսյանը:
Նոր մոդելի ևս մեկ առանձնահատկություն. ՆՀՎ աշխատակիցը ձեռքի հատուկ սարքով կարող է ցանկացած պահի մոտենալ և անմիջապես կողպեքից կարդալ բեռի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունն՝ առանց փաստաթղթերը ստուգելու: Բեռի տեղաշարժը հսկվելու է ՊԵԿ մոնիթորինգային կենտրոնում և նախաբացթողումային հսկողության վարչության շուրջօրյա հերթապահ ծառայությունում:
Մոնիթորները կարտացոլեն բեռնատարների տեղաշարժման երթուղին և կարգավիճակը: Համակարգչի էկրանից ընտրելով բեռնատարը, բացվող պատուհանում կարտացոլվի մեքենայի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը և ռենտգեն սկանավորման պատկերը: Նշանակման վայր հասնելուց հետո, եթե արտաքին զննմամբ խախտումներ չհայտնաբերվեն, տեսուչը կհանի էլեկտրոնային կողպեքը՝ համակարգչում կատարելով համապատասխան նշումներ, որից հետո տվյալ բեռի պատկերը կանհետանա վերահսկվող մեքենաների ցանկից:
Նմանատիպ նյութեր
2795 դիտում
19:03 25-11-2019
ՊԵԿ-ը հորդորում է մաքսային ձևակերպում ստացած ավտոմեքենաները դուրս բերել մաքսային հսկողության տարածքից
Այս բաժնից
589 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1021 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1180 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա