Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Խերսոնի Զալաէգերսեգ փողոցի այգում տեղադրվել է հայկական խաչքար:
Խաչքարը օծել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հուշարձանի բացմանը մասնակցել են Խերսոնի շրջանային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգեւորականներ, Ուկրաինայի հայերի միության Խերսոնի շրջանային կազմակերպության ղեկավարները, հյուրեր այլ քաղաքներից:
AnalitikaUA.net-ի հետ զրույցում Ուկրաինայի հայերի միության Խերսոնի շրջանային կազմակերպության նախագահ Տիգրան Մկրտչյանը նշել է, որ հայ համայնքը երկար է սպասել հուշարձանի տեղադրմանը: «Այժմ մենք ունենք մի տեղ, որտեղ կարող ենք խոնարհվել հայ ժողովրդի անմեղ զոհերի հիշատակի առաջ»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմատիկ միջոցառումներ պարբերաբար անցկացվում են Ուկրաինայի բոլոր մարզերում: Հիշեցնենք նաեւ, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ` երկու տարվա ընթացքում երկրի տարբեր մարզերում տեղադրվել են ավելի քան 10 խաչքարեր: Եւս 10 խաչքար արդեն Ուկրաինայում են, և սկսվել է տարբեր քաղաքներում տեղադրման գործընթացը: