3099 դիտում
19:16 11-12-2017
Շարունակվում է Խոսրովի և Արտավանի անտառային հրդեհների հետևանքների վերացման գործընթացը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ հանդիպում-քննարկում՝ նվիրված Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացմանը: Հանդիպմանը մասնակցում էին այս նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ անտառային ծառայության (ԱՄՆ ԱԾ) հրդեհների գնահատման փորձագիտական խմբի անդամները: Հայաստան այցի նպատակն է փորձագիտական աջակցություն ցուցաբերել վերոնշյալ անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների, Բնապահապանության, Գյուղատնտեսության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին և մաղթելով բեղմնավոր աշխատանք՝ ՀՀ ԱԻՆ փոխնախարար Ա. Նազարյանը նշեց, որ տրամադրված հարթակը, պայմանները և միջավայրը լուրջ նախադրյալներ են ստեղծում բազմակողմ և արդյունավետ քննարկումներ իրականացնելու համար.
- Ինչպես գիտենք, ամռանը «Խոսրովի անտառ» արգելոցում ունեցանք խոշորամասշտաբ հրդեհ, որի հետևանքների վերացումն այսօր առաջնային խնդիր է: Կարծում եմ՝ ԱՄՆ փորձագիտական խումբն ու շահագրգիռ բոլոր մասնակիցներն արդյունավետ քննարկում կանցկացնեն, որի արդյունքում կունենանք կարևոր եզրահանգումներ, - ասաց փոխնախարարը:
ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գծով մասնագետ Ջ. Կրոֆթը ներկայացրեց «ԱՄՆ անտառային ծառայության հրշեջ և ավիացիոն կառավարման համակարգի նկարագիրը» թեմայով զեկույց: Նա մասնավորապես նշեց, որ հրդեհների կառավարումը շատ ավելին է, քան կրակ հանգցնելը: Նրա խոսքով՝ հաջողության հասնելու համար խիստ էական են մինչև հրդեհն իրականացված նախապատրաստական աշխատանքները, ձևավորված կապերն ու հարաբերությունները:
- Լինելով կիրառական հակահրդեհային հարցերով բնապահպանական մասնագետ՝ ես ուրախ եմ այսօր այստեղ ԱՄՆ կառավարության անունից զրուցել ու փորձի փոխանակում կատարել մեր հայ գործընկերների հետ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ հրդեհների կառավարման ռազմավարական աշխատանքները, վայրի բնության հրդեհների կառավարումն ու կանխարգելումը, և դիտարկել լանդշաֆտի առանձնահատկությունները հրդեհաշիջման աշխատանքներում, - ասաց Ջ. Կրոֆթը:
«Խոսրովի անտառ պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով իրավիճակի վերլուծություն» թեմայով զեկույց ներկայացրեց ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Ա. Աղասյանը:
Նշենք, որ ԱՄՆ փորձագիտական խումբն առաջին անգամ Հայաստան էր այցելել ս.թ. սեպտեմբերի 7-ից 14-ը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերել կազմակերպել ԱՄՆ ԱԾ ևս մեկ այց՝ ազգային կանխարգելիչ կարողությունների գնահատման և զարգացման նպատակով խորհրդատվության տրամադրման համար: Փորձագիտական խմբի անդամները վաղը՝ դեկտեմբերի 12-ին, կհանդիպեն ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
1538 դիտում
13:06 30-07-2022
Խոսրովի արգելոցում անտառային հրդեհների մարմանն առնչվող ուսումնավարժություն կազմակերպվեց
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
727 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»