Հարգում ենք Հայաստանին՝ քրիստոնյաներին ապաստան տալու համար. ԱՄՆ-ի կոնգրեսական
Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը կառուցել են այս երկիրը, հիմնվելով առաջին հերթին Աստվածաշնչի արժեքների վրա, և այսօր ԱՄՆ-ը պետք է պատասխանատվություն ստանձնի պաշտպանելու քրիստոնյաներին, հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար կոնգրեսական Էդ Ռոյսը:
«Այսօր, երբ Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վրա հարձակվում են, նրանց դուրս են հանում տներից, խոշտանգում, բռնաբարում, սպանում հավատքի համար, մենք պարտավոր ենք դադարեցնել այդ ամենը»,- ասել է կոնգրեսականը [url=https://www.amerikayidzayn.com/a/4155708.html]«Ամերիկայի ձայնի»[/url] հետ հարցազրույցում:
Ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Կրոնական ազատության միջազգային համաժողովում, ԱՄՆ կոնգրեսականն ընդգծել է, որ այսօր Միացյալ Նահանգներն աշխարհի պատմության մեջ հզորագույն պետությունն է, ինչը հատուկ պատասխանատվություն է նախատեսում:
«Հաշվի առնելով մեր ամբողջ դիվանագիտական թափը, մեր ամբողջ հզորությունը, եթե մեզ չհաջողվի վերջ դնել քրիստոնյաների հալածանքներին, ուրեմն մենք բավարար չենք ջանում»,- ասել է նա:
Էդ Ռոյսը նշել է, որ վերջին շրջանում այցելել է Իրաքում քրիստոնեական եկեղեցիներ, հանդիպել տեղի քրիստոնյա բնակչության հետ, ինչպես նաև՝ Հայաստանում հանդիպել է Մերձավոր Արևելքից գաղթած քրիստոնյաներին. «Պատճառներից մեկը, որ մենք աջակցում ենք ու շարունակելու ենք աջակցել Հայաստանին այն է, որ Հայաստանն ապաստան է տվել բազմաթիվ քրիստոնյա փախստականների»:
«Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում Էդ Ռոյսը նշել է, որ Միացյալ Նահանգները նախատեսում է Նինվեի հովտում պայմաններ ստեղծել, որպեսզի Իրաքի քրիստոնյա բնակչությունը վերադառնա հայրենի հող, սակայն այս պահին Իրաքի և Սիրիայի քրիստոնյաներից շատերը դեռևս ապաստանի կարիքն ունեն:
«Մենք խորը հարգանք ենք տածում և բարձր ենք գնահատում Հայաստանի դերը քրիստոնեությունը պաշտպանելու և քրիստոնյաներին ապաստան տալու գործում»,- ասել է կոնգրեսականը:
«Ամերիկայի ձայնը» հիշեցնում է, որ ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ և ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ փորձում են Հայաստանի համար հավելյալ ամերիկյան օգնություն ապահովել, որն այնուհետև կտրամադրվի Հայաստանում ապաստան գտած Իրաքի և Սիրիայի հայերին: