211652_close_icon
views-count8470 դիտում article-date 11:02 01-12-2017

ՌԴ կառավարությունը ուղղակի «քցում է» հայ տնտեսվարողներին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկվա նիստում ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի ձևավորման վերաբերյալ դեռ 4 տարի առաջ կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրությանը, ըստ որի՝ Հայաստանին մատակարարվող գազի գինը կմնա անփոփոխ մինչև 2018 թվականի ավարտը: Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է 150 դոլարով 1000 խորանարդ մետրը: Սա՝ տեսականորեն: Գործնականում այդ գնով Հայաստանը գազ չի ստանում: Այդ գնով գազը ստանում է «Գազպրոմ Արմենիան», որը այդ գազի մատակարար, ռուսական պետական «Գազպրոմ» ընկերության սեփականությունն է: Այլ կերպ ասած, Ռուսաստանը 150 դոլարով գազը վաճառում է իրեն պատկանող ընկերությանը, որն էլ շատ ավելի թանկ գնով վաճառում է Հայաստանին՝ հայաստանցի սպառողներին: Գազի գնի թեման Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում նոր հմայք է ձեռք բերել: Խնդիրն այն է, որ մեր սպառողները գազի համար վճարում են մի քանի անգամ ավելի թանկ, քան ռուսաստանցի սպառողները: Սա նորմալ էր մինչև այն պահը, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ, այսինքն նույն Ռուսաստանի հետ հայտնվեց միևնույն տնտեսական տարածքում: Այսինքն, զուտ տնտեսական իմաստով հիմա հայ սպառողն ու ռուս սպառողը ապրում են նույն «թաղամասում», որտեղ գործում են տնտեսական նույն հարաբերությունները: Եթե, օրինակ, Ռոստովում գործունեություն ծավալող տնտեսվարողը իր արտադրության մեջ օգտագործում է գազ, որի մեկ խորանարդ մետրի գինը 45 դրամ է, իսկ Եղեգնաձորում գործունեություն ծավալող տնտեսվարողը այդ գազը գնում է 120 դրամով, ապա դա ուղղակիորեն հակասում է «տնտեսական միասնական տարածքի» տրամաբանությունը: Եթե տնտեսական այդ միասնական տարածքում չի գործում գազի ազատ շուկա, ապա պետք է գործի միասնական սակագին: Հակառակ դեպքում ստացվում է, որ ՌԴ կառավարությունը գազի խիստ ցածր գնի միջոցով սուբսիդավորում է ՌԴ տարածքում գործող տնտեսվարողներին: Իսկ տնտեսագիտական տրամաբանությունը հուշում է, որ ՌԴ կառավարությունը դրանով ուղղակի «քցում է» հայաստանյան տնտեսվարողներին: Իրավիճակը էլ ավելի է «հմայիչ» դառնում, երբ հաշվի ենք առնում, որ մեր հարևան Իրանը աշխարհի ամենամեծ գազի պաշարներ ունեցող երկրներից է և արդեն երկու տասնամյակ փորձում է մուտք գործել Հայաստանի գազի շուկա ու ոչ մի կերպ չի կարողանում: Հայկական կողմը պաշտոնապես նույնիսկ չի բանակցում Իրանի հետ ներքին սպառման համար գազ գնելու վերաբերյալ: Չի բանակցում, որովհետև դա բառիս բուն իմաստով նյարդայնացնում է «Գազպրոմին» և դրա սեփականատիրոջը՝ ՌԴ կառավարությանը: Երեկ armtimes.com կայքը ուշագրավ տեղեկություն հրապարակեց. «Մեր տեղեկություններով, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի վերջին այցի ընթացքում Իրանը համաձայնություն է տվել Հայաստանին ներքին սպառման համար գազը մատակարարել շատ ավելի էժան գնով, քան հիմա Հայաստանը գնում է Ռուսաստանից։ Տեղեկություններ կան նույնիսկ, որ Իրանից ներքին սպառման համար կարող է գազ գնել նաև Վրաստանը և այդ գազը, հասկանալիորեն, տարանցվելու է Հայաստանի տարածքով։ Եթե գործարքը տեղի ունենա, Հայաստանը ներքին սպառման համար անհրաժեշտ գազի մոտ 30 տոկոսը կգնի Իրանից և մի որոշ քանակություն էլ՝ որքան թույլ կտա Իրան-Հայաստան գազամուղը, կտարանցի Վրաստան։ Որոշ փորձագետներ կարծում են, որ ռուսական մամուլով վերջին օրերին բարձրացված հակահայկական հիստերիան կարող է կապ ունենալ ոչ միայն Հայաստան-ԵՄ համաձայնագրի, այլև Իրան-Հայաստան գազային նոր գործարքի հնարավոր կնքման հետ»,- գրել է կայքը: Չնայած պաշտոնապես Հայաստանը և Իրանը չեն բանակցում իրանական գազը Հայաստանի ներքին սպառման համար ներկրելու շուրջ, սակայն ոչ պաշտոնապես նման բանակցություններ եղել են միշտ: Իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են գազ մատակարարել և նույնիսկ թափանցիկ ակնարկներ են արել, որ պատրաստ են գազը շատ ավելի էժան գնով մատակարարել: Սակայն «Գազպրոմը» որևէ կերպ չի համաձայնում դրան և անգամ չնչին զիջումների չի գնում: Մի ուշագրավ փաստ: Դեռ երկու տարի առաջ Իրանի կառավարությունը 2 միլիոն դոլարի դրամաշնորհ հատկացրեց Հայաստանին, որով պետք է գազիֆիկացվեր Մեղրին և Ագարակի մի մասը, և գազը պետք է մատակարարեր Իրանը: Խողովակաշարերը և ներքին ցանցը կառուցվեց, անցած տարվա դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ այդ քաղաքների «գազիֆիկացման ավարտի» շնորհանդեսը, այրվեց խորհրդանշական ջահը ու... ու վերջ: Մինչև հիմա Մեղրիի ու Ագարակի սպառողները գազ չունեն: Թերևս բոլորի համար էլ ակնհայտ է, որ նույնիսկ երկու փոքր քաղաքներ իրանական գազ չեն ստանում այն պարզ պատճառով, որ դա դուր չի գալիս «Գազպրոմին» և դրա սեփականատիրոջը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր