22665 դիտում
15:52 31-08-2015
Լարված իրավիճակ շինարարական աշխատանքներով զբաղվող «Անթեղ» ՍՊԸ-ի տարածքում. շինարարները պնդում են, որ ՍՊԸ-ն իրենց «քցում» է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 31-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Բագրատունյաց 81 հասցեում գործող «Անթեղ» ՍՊԸ-ի տարածքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ընկերությունը զբաղվում է շինարարական աշխատանքներով, հիմնականում, էլիտար շենքերի կառուցմամբ, որտեղ աշխատում են երիտասարդ և միջին տարիքի տղամարդիկ:
Գ. Շամշյանի հետ զրույցում հալալ քրտինքով հաց վաստակող շինարարները արդարացիորեն ու զայրացած ասում էին. «4-5 ամիս է՝ տնօրինությունը՝ տնօրեն Գեղամ Պետրոսյանի գլխավորությամբ, սաղիս մատների վրա խաղացնում ա՝ շուն ու կատու խաղալով: Էսքան ժամանակ աշխատավարձ չենք ստանում և ամեն անգամ, եթե բախտ ա վիճակվում նրան հանդիպել, անգիր արած նույն հում խոսքն ա կրկնում՝ ուրբաթ օրը կլինի, ու տենց մի քանի ուրբաթներով արդեն ամիսներ են, որ աշխատավարձները չի տալիս: Սեպտեմբերի 1-ն ա գալիս, չենք կարողանում մեր էրեխեքին հագուկապ անենք, հետո էլ ասում են, թե էրեխեքին տվեք ուսման, ո՞նց տանք, եթե աշխատավարձը չեն տալիս, որ էրեխուն գրենական պիտույքներ ու հանդերձանք առնենք»:
Աշխատակիցները, արդեն չհավատալով տնօրինության խոսքերին, պատրաստվում են բողոքի ակցիաներ անցկացնել կառավարության շենքի առաջ, քանի որ վստահ են, որ գոնե կառավարությունը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, նրանց կստիպի իրենց հալալ աշխատավարձը վճարել:
«Երբ գործի էին ընդունում, մեզ ասում էին, թե մեր խոսքը տղամարդու խոսք է՝ ցեմենտ-բիտոնի նման, աշխատավարձն էլ կանոնավոր կստանանք, սակայն ստացվեց, որ դրանց խոսքը ցեխաջուր էլ չի»,-ասում էին նրանք:
Ֆոտոլրագրողի հետ հեռախոսազրույցում փոխտնօրեն ներկայացած Արթուր Պետրոսյանն էլ հայտարարեց, որ ինչ-որ խնդիրներ են ունեցել մատակարար ընկերությունների հետ և խոստացավ, որ 15 օրվա ընթացքում բոլոր աշխատակիցներն իրենց աշխատավարձերը կստանան, սակայն աշխատակիցներից շատերը չեն հավատում նրա խոսքերին՝ ասելով. «Հերթական օդն ա լինելու»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+