211652_close_icon
views-count3891 դիտում article-date 19:46 30-11-2017

Նամակ ՀՀ վարչապետին` Արդվի գյուղը դեմ է Շեկաղբյուրի ծրագրին

ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի 78 բնակիչները Շեկաղբյուրի ծրագրի դեմ նամակով դիմել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նամակի կրկնօրինակն ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին և ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: ՀՀ վարչապետին ուղղված արդվեցիների նամակում նշված է. «Հարգարժան պարոն վարչապետ, մենք` ՀՀ Լոռի մարզի Արդվի գյուղի բնակիչներս, դիմում ենք Ձեզ ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի տնտեսական և սոցիալական զարգացման խոչընդոտները վերացնելու խնդրանքով: 2016թ-ի դեկտեմբերի 20-ի Արդվի համայնքի ավագանու թիվ 34-Ն որոշմամբ հաստատվեց ՀՀ Լոռու մարզի Արդվի համայնքի 2017-2021թթ. հնգամյա զարգացման ծրագիրը: 2017թ-ի համայնքային խոշորացումից հետո, երբ Արդվին ընդգրկվեց Օձուն համայնքի կազմում, այս ծրագիրը փոփոխության չի ենթարկվել և լիովին համապատասխանում է Արդվի գյուղի պոտենցիալին և նպատակներին: Արդվիում զարգացած է բանջարաբուծությունը, անասնապահությունն ու մեղվաբուծությունը: Արդվին հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Արդվիում է գտնվում 8-րդ դարի «Սուրբ Հովհան եկեղեցին», որտեղ հանգչում է Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի աճյունը: Արդվիում է ամփոփված ռուսական կայսրության արիստոկրատ Քալանթարյանների տոհմային դամբարանը: Այստեղ է գտնվում Օձի պորտ բուժիչ ջրերի ակունքը, բազմաթիվ խաչքարեր` տեղադրված գյուղի տարածքում: Արդվին ընդգրկված է «Թումանյան աշխարհ» տուրիստական կենտրոնում: ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը 20 համայնքների թվում ընտրել է նաև Արդվի գյուղը գյուղական զբոսաշրջություն զարգացնելու նպատակով: Հիմնվելով այս ամենի վրա` Արդվու 2017-2021թթ հնգամյա զարգացման ծրագրով նախատեսվում է գյուղական և պատմամշակութային տուրիզմի զարգացում, «Սուրբ Հովնան Օձնեցի» վանքի հարևանությամբ իջևանատան կառուցում, ինչպես նաև ամառային հյուրանոցային քոթեջների, հյուրատների, տաղավարների և սննդի կետերի կառուցում, կաթի վերամշակման արտադրության ստեղծում: Հանքարդյունաբերության զարգացումը ոչ մի կերպ ներառված չէ մեր գյուղի զարգացման ուղղություններում, ինչը նաև հաստատված է ՀՀ Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրված Արդվի համայնքի վերաբերյալ տեղեկատվությամբ. «Ունի բազմամետաղների հանքերի առանձին ելքեր, որոնք չունեն արդյունաբերական նշանակություն» (http://lori.mtad.am/about-communities/479/): Արդվիի հնգամյա զարգացման ողջ ծրագիրը և մեր բոլոր ջանքերը` ուղղված այս ծրագրի իրականացմանը, կհավասարվեն զրոյի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում 2017-2020թթ. երկրաբանական ուսումնասիրության ծրագրի իրականացման արդյունքում: «Միռամ» ՍՊԸ-ն կրկին ՀՀ բնապահպանության նախարարություն փորձաքննության համար հայտ է ներկայացրել Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում 2017-2020թթ. երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու համար: Հայտով նախատեսվում է երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել Մղարթի 54 հա վարչական տարածքում: Այդ տարածքի անմիջական ազդեցության գոտում հենց Արդվի գյուղն է, որի խմելու և ոռոգման ջրերը գալիս են այս տարածքից: Ցանկացած լենահանքային աշխատանք կարող է անդառնալի վնաս հասցնել մեր գյուղին: Մենք կզրկվենք մեր ապրուստի միջոցներից, անասնապահությամբ, հողագործությամբ և տուրիզմով զբաղվելու հնարավորությունից: Կից տեղադրում ենք նկարներ որոնցում պարզ երևում է Շեկաղբյուրի հանքերևակմանը հարակից գյուղերի տեղակայումները: Ըստ ռելիեֆի ջրերի հոսքի ուղղությունները, որտեղ երևում է, որ դեպի Մղարթ այդ տարածքից ոչինչ չի հոսում:

Նմանատիպ նյութեր