211652_close_icon
views-count2593 դիտում article-date 16:10 30-11-2017

Եռակողմ հուշագիր՝ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի շրջանակում. 300 շառահու արդեն վարկավորվել է

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանն այսօր ստորագրել են եռակողմ հուշագիր «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակներում համագործակցության վերաբերյալ: «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում արդեն ունենք շուրջ 6500 հայտեր, 3100 հոգի անցել են հավաստագրման դասընթացներ և կարող են իրենց ծրագրերով դիմել ֆինանսական կառույցներ ու վարկունակության դեպքում օգտվել վարկերից», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Միաժամանակ փոխնախարարը տեղեկացրել է, որ ներկայումս ակտիվորեն շարունակվում է վարկերի տրամադրման գործընթացը և արդեն շուրջ 300 գյուղացիական տնտեսություններ վարկավորվել են տարբեր ֆինանսական կառույցների կողմից: Ռոբերտ Մակարյանը նաև ընդգծել է, որ հաջողության դեպքում ծրագրի իրականացման ծավալները հաջորդ տարիներին կավելանան: «Ծրագիրը հնարավորություն կտա արտոնյալ, մատչելի պայմաններով ֆինանսավորում ստանալ ծրագրերի իրականացման համար: Համոզված եմ, որ պահանջարկը մեծ է լինելու», - իր հերթին նշել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը: Վահե Հարությունյանի խոսքով` ծրագրի պայմաններն ավելի մեծ հնարավորություն են տալիս ֆերմերներին, որպեսզի նրանք կարողանան ավելացնել իրենց ներդրումներն ու ունենալ ավելի մեծ եկամուտներ: «Գործընթացը ուղեկցվում է նաև կրթական, վերապատրաստման դասընթացներով, որոնք իրականացվում են Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից: Իրականացվում են դասընթացներ, որոնք բարձրացնում են ֆերմերների իրազեկվածության մակարդակը ծրագրի վերաբերյալ, և արդեն հնարավորություն են տալիս ավելի գիտակցորեն մոտենալ ծրագրին, որպեսզի վարկեր վերցնելուց կարողանան կանխատեսել ռիսկերը», - նշել է Վահե Հարությունյանը: Գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով շահառուներին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է 3%: Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում և ստանան հավաստագիր, ինչն էլ իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր