211652_close_icon
views-count2447 դիտում article-date 15:34 30-11-2017

Տնտեսական որոշ հանցագործություններ կապաքրեականացվեն

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ այս տարվա փետրվարին կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում ապաքրեականացվել էր 2 մլն դրամի չափով հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարները չկատարելու համար նախատեսված նորմը՝ այն բարձրացնելով մինչև 4 մլն դրամ: Ինչպես նաև հստակեցվել էին այդ արարքների համար քրեական պատասխանատվության հիմքերը: Վարչապետը նշեց, որ իրականացված ուսումնասիրությունների և գործարարների հետ քննարկումների արդյունքում առաջացել է Քրեական օրենսգրքով նախատեսված որոշ տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման հարցերին ընդհանուր անդրադարձ կատարելու անհրաժեշտությություն: «Միջազգային լավագույն փորձում առկա քրեաիրավական զարգացումները ևս ընթանում են այդ ուղղությամբ՝ հիմք ընդունելով այն, որ նման հանցակազմերի մի մասը չունեն հանրային վտագավորության բարձր աստիճան, ինչպես նաև դրանց իրավական այլ մեխանիզմների միջոցով արձագանքելու հնարավորություն»,- ասաց նա: Կարեն Կարապետյանը Տնտեսական զարգացման և ներդրումների, Արդարադատության նախարարներին, ինչպես նաև ՊԵԿ նախագահին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել Քրեական օրենսգրքով նախատեսված տնտեսական գործունեության ոլորտում առկա այն հանցակազմերի ապաքրեականացման վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր, որոնք ունեն հանրային վտանգավորության ցածր աստիճան:

Նմանատիպ նյութեր