Սիրիայի քրդերը Ժնևում կայանալիք բանակցություններին չեն հրավիրվել
Սիրիայի քրդերից ներկայացուցիչ չի լինի Ժնևում կայանալիք Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով հերթական բանակցություններին։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Մոսկվայում Սիրիայի քրդական ներկայացուցչությանը։
«Մենք հերթական անգամ հրավերք չենք ստացել և մեզանից ոչ ոք ներկա չի գտնվի բանակցություններին»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա գնահատականով՝ դա Թուրքիայի ազդեցության հետևանքն է, որը դեմ է հանդես գալիս բանակցություններին քրդերի մասնակցությանը։
Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամի հարցով քննարկումներն անցկացվում են Ժնևում և Աստանայում, իսկ Ժնևում նոյեմբերի 28-ին կկայանա միջսիրիական բանակցությունների 8-րդ փուլը։