211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Նոր Խարբերդում․ էլեկտրասյան տակ խմելու ջրի խողովակը վնասվել ու 6 ամիս է՝ ջուրը ողողել է մի քանի փողոցներ. «Վեոլիա ջուրն» էլ բավարարվել է «չիվի» խփելով. կա վտանգ, որ մարդիկ հնարավոր է հոսանքահարվեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1600 դիտում article-date 13:07 15-11-2025
Եթե Հանրապետությունում սոցիոլոգիական հարցում կատարվի, ապա բնակչության գերակշիռ մեծամասնությունը, որպես վատ աշխատող ընկերություն, անպայման կնշի «Վեոլիա ջուրը»։

Արդեն տևական ժամանակ է՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրի 22 փողոցից դեպի 33 փողոց խմելու ջրի խողովակի վնասման պատճառով մի քանի տներ հայտնվել են, ինչպես բնակիչներն էին նշում, անհարմար իրավիճակում։

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«4, 5 նույնիսկ 6 ամիս է՝ ինչ էս մեր փողոցում խմելու ջուրը ջրախողովակի վնասման պատճառով դուրս է գալիս, ու ամեն անգամ ահազանգում ենք «Վեոլիա ջուր», խոստանում են, որ կգան և թերությունը կվերացնեն, բայց այդ ամենը օդ է դուրս գալիս։ 2 անգամ միայն «Վեոլիա ջրից» եկել են, վնասված խողովակի վրա փայտե «չիվի» են խփել ու այդքանով իրենց գործը համարել ավարտված։ Ոչ թե պետք է փայտե «չիվի» օգտագործեն, այլ մոտ մի քանի հարյուր մետր նոր խողովակաշար պետք է անցկացվի, քանի որ վնասված ջրի խողովակը անցկացվել է դեռ սովետական տարիներին ու հիմա կանգնել ենք նման փաստի առաջ։ 

Էլ «Վեոլիա ջրից» հույս չունենք, դրանք դարձել են մեր աչքի փուշը։ Ուզում ենք խնդրանքով դիմենք Արարատի մարզպետ Սեդրակ Թևոյանին և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, իսկ ինչու նաև նրան, քանի որ վնասված ջրի խողովակը բետոնե էլեկտրասյան տակ է, իսկ այդ հատվածից էլ ջուրը դուրս է գալիս, ու էլեկտրասյան վրա էլ տեղադրված են բնակիչների տների էլեկտրահաշվիչները ու եթե փորձես ստուգել, թե ինչքան հոսանք ես ծախսել, չի բացառվում՝ «տոկը տա»»։

Բնակիչները նշում էին նաև, որ մի քանի տների նկուղներ էլ են ջուր լցվում, երբ հոսքը վարարում է, ինչի պատճառով էլ տան հիմքերը խարխլվում են։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր