211652_close_icon

Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Արաբկիրի զինկոմիսարիատի, հարակից մանկապարտեզի և բազմաբնակարան շենքի բակում. դիտահորերից կեղտաջրերը դուրս են թափվում ու անցնում մի քանի փողոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1165 դիտում article-date 22:32 15-11-2025
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 2-րդ շենքի հարակից տարածքներում, որտեղ գործում է մանկապարտեզ, կա մանկական խաղահրապարակ, հարևանությամբ էլ Արաբկիրի զինկոմիսարիատն է գտնվում, երկար ու ձիգ տարիներ է՝ գարշահոտ վիճակ է տիրում։ Գրեթե ամեն շաբաթ դիտահորերից դուրս եկող կեղտը ամբողջ տարածքը վերածում է հակասանիտարական վիճակի, քանի որ ո՛չ Երևանի քաղաքապետարանը, ո՛չ «Վեոլիա ջուրը» ոչինչ չեն ձեռնարկում դրա դեմն առնելու համար։

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Էս խնդիրը երկար տարիների պատմություն ունի։ Ինչ կառույցի ասես դիմել են, բոլոր տեղերից էլ միայն սին ու դատարկ խոստումներ ենք լսել։ Մի քանի անգամ «Վեոլիա ջուրը» մեր երկար ահազանգերից հետո ժամանել ու իբրև թե գործ է արել, ինչ-որ մեքենայով մաքրել են խողովակները, բայց մեկ օր անց նույն վիճակն է եղել։ Երևանի քաղաքապետարան ենք դիմել ու դիմում ենք, նույն պատասխանն են տալիս՝ դա մեր իրավասության շրջանակում չէ։

Չգիտենք՝ էլ ում դիմենք։ Մնում է դիմենք առողջության նախարարին, որպեսզի գոնե նա միջնորդի Երևանի քաղաքապետարանին ու «Վեոլիա ջրին», որ էս վարակը վերացնել տան։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին էլ ուզում ենք դիմենք, որ ինքը գոնե իր հնարավորության սահմաններում մի բան անի, բայց ճիշտ ու հարցը գոնե երկար ժամանակով լուծելու համար պետք է հին, սովետական տարիներից շահագործվող, սակայն դարն ապրած էդ կոյուղատարերը փոխվեն նորով, փոխվեն նաև դիտահորերը, ու վստահ ենք՝ էդ խնդիրը կլուծվի։ 

Մեզ ասում են՝ պայքարեք կորոնայի դեմ, տարատեսակ վիրուսների դեմ, այս դեպքում սա կորոնայից ավելի վտանգավոր իրավիճակ կստեղծի։ Հարևանությամբ մանկապարտեզ կա, Արաբկիրի զինկոմիսարիատ կա, խանութներ ու սննդի կետեր կան,  բայց չգիտենք, թե երբ էդ մարդիկ ու մենք՝ բնակիչներով, կփրկվենք էս գարշահոտ վիճակից։

Շենքը երեք մուտքանի է, նկուղային հարկն էլ եթե հաշվես, 10 հարկ է, ու էդ ամբողջ բազմաբնակարանային շենքը կհայտնվի նաև վթարային իրավիճակում, քանի որ կեղտաջրերը լցվում են նաև նկուղներ, ինչն էլ պարարտ հող է ստեղծում, որ շենքի հիմքերը խարխլվեն»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր