211652_close_icon
views-count3591 դիտում article-date 18:37 03-11-2017

Դպրոցականները «պեղումներ» են իրականացրել Մեծամորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը երեկ մարդաշատ էր. հյուրընկալվել էին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Ջավախքի և Բուլղարիայի Սոֆիա քաղաքի «Զդրավեց» պարային խմբի սաները (6-12-րդ դասարանների աշակերտներ): Հնագիտության հանրահռչակմանն ու դպրոցականների մոտ վաղ հասակից թանգարան հաճախելու մշակույթ սերմանելուն միտված արգելոց-թանգարանի նախաձեռնած «Հետաքրքրաշարժ հնագիտություն» գիտակրթական ծրագրի մեկնարկն առիթ դարձավ այդ հետաքրքիր միջոցառման կազմակերպման համար: «Ծրագրի միջոցով հետաքրքիր գիտելիքներ ենք փոխանցում աշակերտներին Հայաստանի բրոնզեդարյան ժամանակաշրջանի մշակույթի, էթնո քաղաքական փոխհարաբերությունների, պեղումների ու հայտնաբերված գտածոների հետագա ճակատագրի մասին», -խոսելով գիտակրթական ծրագրի մասին` ասել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վարիչ Արտավազդ Զաքյանը: Որպեսզի դպրոցականներն ավելի դյուրին ընկալեն հնագիտության ոլորտի նրբությունները, արգելոց-թանգարանի վարիչը և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը մանրամասն ներկայացրել են հնագետի աշխատանքը, ապա` լուսապատկերային ցուցադրությամբ բացատրել ինչ է պեղավայրը, ինչպես վարվել, եթե հնագիտական շերտ է բացվել, հասկանալ թաղման ծեսը և արդյոք գտնված կմախքը կին է, թե տղամարդ: «Մեծամոր» արգելոց-թանգարանի աշխատակիցները թանգարանի հարակից տարածքում նախապես դամբարանի վերակազմություն էին արել` ստեղծելով արհեստական պեղավայր: Գիտաօժանդակ ֆոնդի որոշ նյութեր թաղվել էին «պեղավայրում» փոքրիկ «հնագետների» մասնագիտական աշխատանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Զրույց-դասից հետո դպրոցականներն արդեն հատուկ գործիքների միջոցով լծվեցին հնագիտական աշխատանքների իրականացմանը: Հետաքրքիր ու աշխույժ մթնոլորտում, զգուշությամբ բացելով հողի շերտը, նրանք տղամարդու կմախք, գոտի, ապրանջան, սափորներ, կենդանու ատամներ գտան: Հայտնաբերված իրերն ու առարկաները դպրոցականները հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանի ու վերականգնող Տիգրան Զաքյանի օգնությամբ տեղավորեցին հատուկ տուփերի մեջ: «Առաջին անգամն ենք հնագիտական աշխատանքների մասնակցում: Սկզբում թևը գտանք, ապարանջանը, հետո գանգի մասը բացվեց, ատամներն ու ողնաշարը: Փորձում էինք ճշտությամբ կիրառել ստացած գիտելիքները», - ոգևորությունը չթաքցնելով ասաց ապագա արևելագետ Գոհար Սմբատյանը: Նրա դասընկերը` Ֆելիքս Եղիազարյանը, պեղումների մասին հեռուստատեսությունից էր լսել: Ապագա ճարտարապետին հնարավորություն էր ընձեռվել մի քանի ժամով «պեղումներ» իրականացնել: Գտածն էլ տպավորիչ էր`ապարանջան, մարդու մարմնի որոշ մասեր և այլն: Ջավաքխից այս օրերին Հայաստանում գտնվող 12-րդ դասարանցի Արմինե Ուրանյանն առաջին անգամ էր Մեծամորում ու տպավորված էր: Մինչ այս` պեղումների մասին Արմինեն այլ պատկերացում է ունեցել: «Ինձ թվում էր գտնում ես ու վերջ: Բայց գտնելը հնագիտական աշխատանքի ընդամենը մի մասն է, դրանից հետո դեռ հսկայական աշխատանք է կատարվում: Ես կենդանու ոսկոր եմ գտել, մարդու գանգի մոտ էր»,- ասաց Ա. Ուրանյանը: Կրթահամալիրի սաներից Արեգ Սայադյանն էլ փորձում էր մեր նախնիների կրած զարդերից գտնել: Նրա համոզմամբ հայտնաբերված տղամարդու կմախքի կողքին նիզակ կար, գավազանի մաս և իրեն հետաքրքրում էր,թե արդյոք նաև զարդ էր կրել տղամարդը: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբանին ու վերականգնողին ուղղված բազմաթիվ հարցերի միջոցով նա նաև փորձում էր հասկանալ, թե ինչ խավի մարդիկ են եղել մեր նախնիները, ինչ են թաղել կարասների մեջ հին ժամանակներում և այլն: Թատրոնով, հայոց ու համաշխարհային պատմությամբ հետաքրքված երիտասարդին հայտնաբերված գտածոներից ամենից շատ դուր էր եկել գեղեցիկ նախշազարդերով փոքրիկ կարասը: Կրթական ծրագիրը շարունակական կլինի, առաջիկայում արգելոց-թանգարանը կհյուրընկալի նաև հանրակրթական այլ դպրոցների աշակերտների: [b] «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր