211652_close_icon
views-count4477 դիտում article-date 18:41 12-05-2017

Շուշիի Մեղրեցոց եկեղեցում պեղումներ են կատարվում

Շուշիում գտնվող Մեղրեցոց եկեղեցում առաջին անգամ մեկնարկել են պեղման և մաքրման աշխատանքներ: «Արցախպրես»­-ի թղթակցի հետ զրույցում տարածքում պեղումներ իրականացնող «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-­ի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանն ասել է, որ նպատակը եկեղեցու ուրվագիծը բացելն է: «Եկեղեցին հիմնականում քանդել և բետոնապատել են: Մեր հիմնական ակնկալիքը եկեղեցու հիմքերն ուսումնասիրելն է: Կարևորն այն է, որ եկեղեցու արևելյան պատն ու խորանը պահպանված են»,-­նշել է Ն. Երանյանը: Նշենք, որ Շուշիի Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1833 թվականին Մահտեսի Հախումյանի ծախսերով Շուշիի վերին մասում համանուն թաղում։ Արձանագրություններում այն հիշատակվում է, որպես Սուրբ Ամենափրկիչ Մեղրեցոց եկեղեցի։ Աղոթասրահը ուղղանկյուն ծավալատարածական հորինվածք է ունեցել։ Թաղակապ կամարները հանգում էին սրահի կենտրոնի չորս սյուների և երկայնական պատերի վեց որմնասյուների վրա։ ՈՒնեցել է երկու դուռ հարավային և արևմտյան կողմերից և 10 լուսամուտ։ [url=http://artsakhpress.am/arm/news/66404/shushii--mexrecoc-ekexecum---pexumner--en--katarvum.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր