Ձերբակալվել են կատալոնացի երկու առաջնորդներ. Բարսելոնում և Բրյուսելում բողոքի ցույցեր են անցկացվել
Իսպանիայի դատախազությունը մեղադրել է Կատալոնիայի «Օմնիմում» անջատողական շարժման առաջնորդ Ջորդի Կույշարտին և Կատալոնիայի խորհրդարանի պատգամավոր Ջորդի Սանչեսին՝ անցած ամիս անկախության կողմնակիցների քայլերթի ժամանակ ոստիկանության դեմ բռնություն հրահրելու մեջ, հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4074101.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Անջատողական շարժման առաջնորդների կալանավորումը բողոքի ալիք բարձրացրեց ինչպես Բարսելոնայում, այնպես էլ Բրյուսելում: Բարսելոնայում երկուշաբթի գիշերը ցուցարաներն իրենց բողոքն էին արտահայտում ընդդեմ գործիչների կալանավորմանը:
«Կարծում եմ, որ սա Իսպանիայի կողմից Կատալոնիայի նկատմամբ պետական բռնության օրինակ է: Կատալոնիայի նախագահը դիմել է երկխոսության խնդրանքով, և Իսպանիայի կառավարության առաջին արձագանքը երկու հասարակական գործիչների ձերբակալումն էր: Կարծում եմ՝ դա չափազանց կոշտ արձագանք էր 21-րդ դարի ժողովրդավար երկրի համար: Արդյունքում ունենք երկու քաղաքական բանտարկյալ»,- նշում է ցուցարար Դենի Պաջուելոն:
Բողոքի ցույց էր կազմակերպվել նաև Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում, որն անցավ Եվրախորհրդարանի շենքի առջև: Այստեղ էին եկել մոտ 50 բողոքարարներ, որոնց թվում էին նաև Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ: Նրանք ևս բողոքում էին ընդդեմ կատալոնացի առաջնորդների ձերբակալմանը:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի նախագահ Կառլոս Պուչդեմոնը երկխոսության կոչ է արել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռաջոյին, իսկ Կատալոնիայի անկախության մասին հայտարարության հռչակումը նախատեսված է հինգշաբթի:
Հիշեցնենք նաև, որ Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին անկցավել է Իսպանիայից Կատալոնիայի անկախության հանրաքվե, որին մասնակցել են կատալոնացիների 43 տոկոսը: Մասնակիցների 90 տոկոսը կողմ է քվեարկել անկախությանը: