Իրանում կբացվի «Հայաստան և իրան. Հողի հիշողություն» ցուցահանդեսը
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորած պատվիրակությունը Իրանի Իսլմական Հանրապետության Նախագահի տեղակալ և մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նորանշանակ նախագահի հրավերով՝ ս. թ. հոկտեմբերի 16-18-ը կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն, մասնակցելու «Հայաստան և իրան. Հողի հիշողություն» ցուցահանդեսի բացման արարողությանը, որը կկայանա 2017 թ. հոկտեմբերի 17-ին: Ցուցահանդեսը կգործի 2017 թ. հոկտեմբերի 17-ից մինչև 2018 թ. հունվարի 17–ը Իրանի ազգային թանգարանում:
Առաջին անգամ կողք-կողքի կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի համաժամանակյա (Ք. ա. IV հազարամյակից մինչև Ք. ա. I դար) 103-ական նմուշ՝ ի ցույց դնելու փոխառնչությունների եզակի այն իրողությունը, որը ոգեկոչում է մշակութային և հոգևոր արժեքների հնամենի ակունքները՝ Հայաստանի և Իրանի հողի հիշողությունը:
Այցի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարը կհանդիպի նաև Իրանի Իսլմական Հանրապետության Նախագահի տեղակալ և մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նախագահի և ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նորանշանակ նախարարի հետ, որի ընթացքում կքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: