Կոռուպցիայի դեմ պայքարում նախաձեռնվել ու իրականացվել են առարկայական փոփոխություններ. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ հակակոռուպցիոն ոլորտում միջազգային պարտավորությունների կատարմանը:
«Բազմիցս հայտարարել ենք կոռուպցիայի դեմ պայքարում մեր վճռականության մասին և վերջին մեկ տարվա ընթացքում այդ ոլորտում մեր կողմից նախաձեռնվել ու իրականացվել են մի շարք առարկայական, օրենսդրական և գործնական փոփոխություններ»,- ասել է վարչապետը և կարևորել այն հանգամանքը, որ ՀՀ-ում 2018 թվականի կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները գնահատվելու են մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից:
Հաշվի առնելով վերոնշյալը` վարչապետը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարեց ամփոփել ու իրեն ներկայացնել համապատասխան պետական մարմինների կողմից կատարման ենթակա գործողությունների ապահովման վերաբերյալ առաջարկություն: Վարչապետը նաև կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց արդարադատության նախարարի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա նախապատրաստել վարչապետի հանձնարարականի նախագիծ: