211652_close_icon
views-count3317 դիտում article-date 11:08 06-09-2019

«Նախկիններին բռնելը» կոռուպցիայի դեմ պայքար չէ․ կոռուպցիայի դեմ պայքարը «ներկաներին բռնելն» է»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորոդողը գրում է․ ««Էս երկիրը, որ 70-ականներին ծաղկում էր, սաղ կոռուպցիայի շնորհիվ էր,- բացատրում է ինձ հերթական վարորդը,- բանվորը մի քանի բոլթուգայկա էր տանում տուն, պահեստապետն իր ապրանքը «լևի» էր ծախում, բժիշկը վիրահատության համար փող էր վերցնում, շոֆերը փափախ էր անում, տներում էլեկտրաէներգիա էին գողանում, խանութպանը երշիկը տակից թանկ գներով էր ծախում, «օբեխեսես»-ը տասից մեկին էր բռնում՝ էդպես էին մարդիկ ապրում, հո «չոր» 120 ռուբլով չէի՞ն ապրի: Բոլորը գոհ էին»: Իհարկե, նման դատողությունը կարող է բավականին ցինիկ թվալ, բայց ճշմարտության հատիկ այստեղ, համաձայնեք, կա. Խորհրդային Հայաստանում մարդիկ ապրում էին այդ համակարգում, այդ շղթայի մեջ՝ նրանք, ովքեր այդ շղթայից դուրս էին, կա՛մ «մարդկություն-լավություն» չէին հասկանում, կա՛մ անհույս «հարիֆներ» էին: 1991 թվականին մենք ժառանգել էինք այդ համակարգը և այդ մտածողությունը, իսկ այսօրվա Հայաստանում ապրում են նաև այդ մտածողության կրողները, նրանց երեխաները և թոռները: 2018 թվականին երիտասարդները վճռականորեն ասացին՝ «հերիք է, էլ այդպես չենք ուզում ապրել»: Բայց ասելը մի բան է, իրագործելը՝ մեկ այլ բան: Համակարգի «կարգավորումները» (այդ թվում՝ հոգեբանական) մշակվել և հղկվել են տասնամյակների ընթացքում, և նրանք՝ ովքեր «աշխատացնում» էին այդ համակարգը, պարզապես չեն պատկերացնում, թե ինչպես է հնարավոր ապրել կոռուպցիայից զերծ հարաբերությունների պայմաններում: Կոռուպցիայի դեմ պայքարի մասին պետական այրերը խոսում էին այս 28 տարիների ընթացքում՝ Արևմուտքից այդ նպատակով ստացվել են բազմաթիվ դրամաշնորհներ, ստեղծվել են այդ պայքարը իբր համակարգող բազմաթիվ կառույցներ, որոշ ժամանակ կար անգամ այդ պայքարի գծով նախագահի խորհրդական: Արդյունքը զրոյական է: «Այո, նա կոռուպցիոներ է, բայց մեր թիմի անդամ է», – ՀՀՇ-ի ժամանակ դա ասվում էր բարձրաձայն, իսկ այնուհետև՝ շշուկով կամ՝ «մտքում»: Հիմա ստեղծվում են նոր մարմիններ, մշակվում են նոր կառուցակարգեր, ռազմավարություն: Աստված տա այդ ամենն իր արդյունքը տա՝ վարչապետի և նրա մերձավոր շրջապատի մտադրությունների անկեղծությանն այդ առումով չեմ կասկածում: Բայց եկեք անկեղծորեն պատասխանենք մի հարցի՝ արդյոք այս պահիս մեզանում չկա՞ն նախարարներ, պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, որոնք զբաղվում են բիզնեսով: «Մենք սեփականատեր ենք, մենք բաժնետեր ենք, հանձնել ենք հավատարմագրային կառավարման»՝ այդ բոլոր «թզի տերևները» եկեք մի կողմ թողնենք: Եվ քանի որ օրենսդիր և գործադիր մարմնում կան բազմաթիվ մարդիկ, որոնք շարունակում են փող աշխատել ձեռնարկատիրությամբ, թույլ տվեք կասկած հայտնել բոլոր տեսակի կառույցների և կառուցակարգերի վերաբերյալ: ․․․«Նախկիններին բռնելը» կոռուպցիայի դեմ պայքար չէ: Կոռուպցիայի դեմ պայքարը «ներկաներին բռնելն» է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր