211652_close_icon
views-count3623 դիտում article-date 23:30 03-10-2017

Նախագահը որոշում կայացնելիս 3-4 քայլ առաջ է մտածում. ԱԺ պատգամավոր

Մաքսային միությանը միանալու մասին 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումն այն ժամանակ բուռն ու երկարատև քննարկում-քննադատությունների առիթ դարձավ: Խոսեցին ովքեր ասես, ասացին ինչ ասես: Դրանից օրեր անց` նույն թվականի սեպտեմբերի 21-ին, Անկախության իր տարեկան ուղերձում Նախագահ Սերժ Սարգսյանը տոնական ամբիոնից բոլորիս մեկ այլ ուղերձ էլ էր հղում: Նա ասում էր. «…մենք շարժվում ենք մի նոր ճանապարհով, որը հաճախ նեղ է ու քարքարոտ մեր լեռնային կածանների պես: Մենք քայլում ենք զգույշ ու շրջահայաց, որովհետև մեծ պատասխանատվություն ունենք մեր ուսերին: …Հետո… հետ ենք նայելու և հպարտորեն արձանագրելու ենք, որ միասին նրբորեն անցանք միակ հնարավոր նեղ կածանով»: Այն ժամանակ մենք, թերևս, այդքան էլ խորը չընկալեցինք` ինչ էր իրականում ասում հանրապետության Նախագահը: Սեպտեմբերի 3-ից ընդամենը օրեր անց հնչեցված այդ մտքերը ակամա վերհիշեցի երեկ, երբ մամուլում ընթերցեցի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի` Երևանում ասված խոսքերը: Հանի բնորոշմամբ նոյեմբերին ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բեկումնային նոր փաստաթուղթ է, որը ցույց է տալիս, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության կազմում, միևնույն ժամանակ համապարփակ և ընդլայնված գործընկերություն է հաստատում ԵՄ-ի հետ։ …Հանձնակատար Հանը նշել է, որ դրանք կարող են օրինակ ծառայել այլ երկրների համար։ Կարդացի Եվրահանձնակատարի խոսքերը և հիշեցի 2013 թվականի խառը օրերին արտասանված անկախության ուղերձը, որը, փաստորեն, հենց այսօրվա ու դեռ լինելիք վաղվա մասին էր: Իհարկե այսօր կան ու դեռ վաղն էլ կլինեն գործիչներ ու քաղաքական ուժեր, որ այս կամ այն դաշինքից, կամ միությունից, կամ համագործակցությունից անհապաղ և գլխապտույտ հեռանալու կոչերով ու քայլերով կփորձեն իրենց մասին հիշեցնելու և քաղաքական արևի տակ իրենց համար տեղ պահպանելու մեկքայլանի նախաձեռնություններ անել: Խնդիր չէ: Վաղն էլ խնդիր չի լինի: Քանի դեռ ռազմավարական հարցերում իրական քայլ անողը մեր երկրում 3 ու 4 քայլ առաջ է մտածում, քանի դեռ երբեմն մենք այդ քայլերի հնչեցված տրամաբանությունն արձանագրում ենք 4-5 տարի հետո միայն, որևէ մեկքայլանի գաղափարի բեմականացում որևէ ուժի կողմից մեզ վնաս հասցնել չի կարող: Չէ՞ որ մենք «նրբորեն անցնում ենք միակ հնարավոր նեղ կածանով»: [b]ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին[/b]

Նմանատիպ նյութեր